Կարևոր իրադարձություններ

Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի. «Իմ քայլի» պատգամավոր․ Newarmenia.am

07 Հուլիս, 2020 22:18
Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի. «Իմ քայլի» պատգամավոր․ Newarmenia.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը հնարավոր չի համարում, որ ՄԻԵԴ գանգատ ուղարկած ՍԴ նախկին անդամները և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը օրենքի ուժով կամ դատարանի որոշմամբ վերանշանակվեն իրենց պաշտոններում: Այս մասին Newarmenia.am-ի հետ զրույցում հայտնել է Գրիգորյանը։

«Որքան հասկացա, ՄԻԵԴ-ում միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել: Ելնելով գործի փաստերից չեմ պատկերացնում՝ ինչ միջանկյալ միջոց պետք է կիրառվի»,- ասել է պատգամավորը: Ինչ վերաբերում է ՍԴ նախկին անդամների վերանշանակվելուն, ինքը, որպես իրավաբան, նման հնարավորություն չի տեսնում: «Բայց սպասենք ՄԻԵԴ-ի կարծիքին, այդ համատեքստում մեկնաբանենք: Էլի եմ ասում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ուժի մեջ է մտել, և Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն, ամենայն հարգանքով, ՄԻԵԴ-ը չունի»,- հավելել է Գրիգորյանը:

Նա նաև չի կարծում, որ ՄԻԵԴ-ը ՍԴ նախկին անդամների լիազորությունները վերականգնելու որոշում կկայացնի. «Որովհետև մոտ օրերս ոչ թե գործի առթիվ որոշում է լինելու, այլ խոսքը վերաբերելու է միջանկյալ միջոց կիրառել-չկիրառելուն: Դրա շրջանակում չի կարող ֆիքսվել խախտման առկայություն կամ բացակայություն»:

Թե, օրինակ, ի՞նչ միջանկյալ միջոց կարող է կիրառել ՄԻԵԴ-ը հարցին, պատգամավորը պատասխանեց, որ միջանկյալ միջոց կիրառվում է  կոնկրետ դեպքերում: Օրինակ, մարդու արտահանձումը կանխելու նպատակով՝ մինչ նրա գործով որոշման կայացումը: «Բայց այս դեպքում չեմ էլ պատկերացնում՝ ինչ միջանկյալ միջոց են հայցել դիմումատուները, բայց տեսականորեն, դժվար եմ պատկերացնում, որ որևէ միջանկյալ միջոց կարող է կիրառվել»,-պնդել է նա՝ շարունակելով. «ՍԴ անդամների լիազորությունները դադարել են Սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու փաստով: Եվ դա այլևս եղելություն է: Պետք է կարդալ դիմումը, տեսնել՝ ինչ են ուզել ՄԻԵԴ-իցբայց ես իրավական արգելքներ եմ տեսնում»:

Հնարավոր չէ՞, որ ՄԻԵԴ-ն արձանագրի Կոնվենցիայի խախտման փաստ հարցին ի պատասխան «Իմ քայլի» պատգամավորն նշել է.

«Ես չեմ գտնում, որ էստեղ կա որևէ կոնվենցիոն իրավունքի խախտում, բայց չգիտեմ՝ դիմումատուները որ հոդվածով են համարել, որ իրենց իրավունքը խախտված է, որ կարողանամ առարկայական հակադարձեմ: Դիմումին ծանոթանալուց հետո դա միայն հնարավոր կլինի»:

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ։ Նախկին դատավորները գանգատում պնդել են, որ իրենց իրավունքները խախտվել են և պահանջել կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ անել։ ՍԴ դատավորները նաև խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել միջանկյալ ապահովման միջոցներ, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով և իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում։

ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է գանգատն ու հարցաշար ուղարկել ՀՀ կառավարությանը նրանց լիազորությունների դադարեցման հիմքերի ու ընթացակարգի մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին