Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերը հանձնել է Իտալիայի Հանրապետության նախագահին (տեսանյութ)

07 Հուլիս, 2020 21:59
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերը հանձնել է Իտալիայի Հանրապետության նախագահին (տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 6-ին, Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային (Sergio Mattarella): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Համբարձումյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Համբարձումյանը նախագահ Սերջո Մատարելլային փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ: Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու և առկա քաղաքական գերազանց հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը։

Դեսպան Համբարձումյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին