Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

07 Հուլիս, 2020 15:30
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Գերմանական զարգացման գործակալության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) արդյունավետ ներգրավվածությունն ու աջակցությունը` ՀՀ վարչատարածքային բարեփոխման, միավորված համայնքներում ծառայությունների բարելավման և համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել KFW բանկի՝ Հայաստանում գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման ծրագրի վերսկսմանը միտված գործընկերային և կառուցողական մոտեցման նկատմամբ:

Իր հերթին դեսպան Բանցհաֆը խոսել է բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման, ինչպես նաև ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունից և վերահաստատել գերմանական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը դրանց իրագործման հարցում: Դեսպանի խոսքով Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դրսևորվում է հատկապես այն ոլորտներում, որոնք ղեկավարվում և համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KFW բանկի աջակցությամբ ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման, Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման, ինչպես նաև Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը :

Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը, որը թույլ կտա սեղմ ժամկետներում հաղթահարել համավարակով պայմանավորված առկա խոչընդոտները և ապահովել վերոնշյալ ծրագրերի կայուն շարունակականությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին