Կարևոր իրադարձություններ

Կյանքի է կոչվել «Իմ քայլը» հիմնադրամի՝ տարեցների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագիրը

06 Հուլիս, 2020 19:24
Կյանքի է կոչվել «Իմ քայլը» հիմնադրամի՝ տարեցների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագիրը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կյանքի է կոչվել «Իմ քայլը» հիմնադրամի՝ տարեցների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի ֆինանսավորմամբ հունիս ամսից կենտրոնի խնամառուներին մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ (բուժում, պրոթեզավորում և օժանդակ այլ միջամտություններ): Խիստ կարանտինային պայմաններում ընթացող աշխատանքները կենտրոնի տնօրենության անմիջական ու աչալուրջ վերահսկողության տակ են, չափազանց ուշադիր են նաև բժիշկ-մասնագետները: Այս մասին տեցեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։

«Խնամվողներին երբեք նման ամբողջական ծառայություններ չեն մատուցվել, նման ակցիաներ այստեղ տեղի չեն ունեցել, աշխատանքների ծավալը մեծ է, կարծում եմ մինչև դեկտեմբեր կշարունակվեն: Այս միջոցառման շնորհիվ մեր տարեցների համար ունենալու ենք կյանքի որակի ակնհայտ բարձրացում»,- նշում է կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը:

Ծառայությունների մատուցումն իրականացնում է «Եվրոդենտ» հետբուհական կրթական կենտրոնը, որը հատուկ խնամառուների համար տեղում կազմակերպել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ: Այս նախաձեռնությունը շատ կարևոր է խնամառուների կյանքի որակի բարելավման՝ առողջականից մինչև հոգեբանական ամրություն հաղորդելու տեսանկյունից:

«Կենտրոնի բոլոր տարեցներն էլ ունեն ատամնաբուժական ծառայության կարիք: Առաջին անգամ մենք մետաղ-ճենապակե (մետալոկերամիկա) ատամներ ենք պատրաստելու նրանց համար: Կենտրոնի բնակիչների ոգևորությունն ու երախտագիտությունը շատ պարտավորեցնող է և հուզիչ: Նրանցից մեկը դհոլ է խնդրել, որ ի նշան շնորհակալության, նվագի բժիշկների համար»,- ասում է «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանը:

Տարեցների՝ ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը մեկնարկվել է 2019 թ.-ից: Այն հաջողությամբ իրականացվել է նաև «Վանաձորի տարեցների տանը», որի 31 բնակիչների համար իրականացվել է ատամի հեռացում, բուժում, ատամնաշապիկի տեղադրում, մասնակի և լրիվ պրոթեզավորում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին