Կարևոր իրադարձություններ

Սահմանադրությունը մնում է լավագույն ուղեցույցը․ Վահե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

05 Հուլիս, 2020 17:25
Հեղինակ՝ Վահե Գրիգորյան
Սահմանադրությունը մնում է լավագույն ուղեցույցը․ Վահե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ 

«Հարգելի հայրենակիցներ.

25 տարի առաջ ընդունվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ մեր Հանրապետության ծնունդը հռչակած հիմնարար ակտի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի հիման վրա, զարգացնելով դրանում արձանագրված համազգային իղձերը սահմանադրական ժողովրդավարության աստիճանին հարիր ակտով՝ Սահմանադրությամբ:

Սահմանադրության ընդունմամբ՝ Հայ ժողովուրդը նպատակ է ունեցել իրագործելու «ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Ժողովրդավարական վերափոխումների մեր ժամանակներում, Սահմանադրության կամ դրա որեւէ փոփոխության նկատմամբ իր ժամանակին ունեցած քաղաքական դիրքորոշումներից անկախ, Սահմանադրությունը շարունակում է մնալ ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանափակումների եւ լիազորությունների առաջնային աղբյուրը, այլ նաեւ՝ դրա լավագույն ուղեցույցը՝ Սահմանադրությամբ հռչակված նպատակներին հասնելու համար:

Սահմանադրությունը մարդու ազատությունների եւ իրավունքների, հավաքականորեն՝ ժողովրդավարության եւ միջազգայնորեն՝ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության համազգային համախոհության միակ իրավական եւ քաղաքական ակտի ամրությամբ վկայությունն է, ինչի ապահովումը հանրային իշխանության մարմինների հանձնառության հիմքն է:

Այս նվիրական օրը Սահմանադրության օրն է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 25-ամյակը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ»:

 

Լրահոս

Դիտել ավելին