Կարևոր իրադարձություններ

84 տարեկան հասակում հյանքից հեռացել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը

04 Հուլիս, 2020 10:35
84 տարեկան հասակում հյանքից հեռացել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է անվանի գիտնական և մանկավարժ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի պետական տնտեսագիտական ամալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՊՏՀ տարածած հաղորդագրությունից։

«Մեծ ու անդառնալի կորուստ կրեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու աշխատակիցները, բազմաթիվ շրջանավարտները, հանրապետության տնտեսագիտական հանրույթը:

Գրիգոր Կիրակոսյանը, հիրավի, մեծ գիտնական էր ու կոչումով մանկավարժ, հմուտ կառավարիչ էր և շիտակ ու բարեսիրտ գործընկեր:

Մեր համալսարանի զարգացման ու առաջընթացի ճանապարհին անուրանալի է նրա ներդրումը. լինելով ՀՊՏՀ ամենաերկարամյա ռեկտորը (1993-2006 թվականներին) և ղեկավարելով բուհը նորանկախ հանրապետության հռչակման ու կայացման տարիներին` նա իրեն վստահված գործը կատարել է մեծ պատասխանատվությամբ, իր առաքելության բարձր գիտակցմամբ` համախմբելով կոլեկտիվին, կառուցելով ու շենացնելով համալսարանը, զարկ տալով ուսումնական գործընթացի բարեփոխումներին:

Գրիգոր Կիրակոսյանի աշխատանքային կենսագրությունը սկիզբ է առել 1965 թվականին, երբ ավարտելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` աշխատանքի է անցել Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումում՝ որպես քաղաքատնտեսության դասախոս, այնուհետև եղել է ասպիրանտ, դասախոս, գիտնական-հետազոտող: 1971 թ. «Աշխատուժի վերարտադրության նյութական ծախսերի փոխհատուցման տնտեսական օրենքը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել դոցենտի կոչում:

1975 թվականից՝ մեր համալսարանի կազմավորման առաջին իսկ տարվանից, քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտ էր: 1990 թվականին նրան շնորհվում է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ու պրոֆեսորի կոչում: 1989-1991 թվականներին քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն էր, 1991-1993-ին՝ բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, ապա 13 տարի ռեկտորը: Նրա գիտական ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի աստիճան են ստացել մի քանի տասնյակ ասպիրանտներ ու հայցորդներ, իսկ գիտական որոնումների արգասիք են դարձել բազմաթիվ արժեքավոր աշխատություններ ու հոդվածներ:

Արժանավոր գիտնականի, մանկավարժի, կրթության նվիրյալի, սկզբունքային քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

ՀՊՏՀ ղեկավարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Գրիգոր Կիրակոսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին և կիսում անդառնալի կորստի ցավը»,- ասված է ՀՊՏՀ ռեկտորատի հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին