Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,42
    6,72

Կարևոր իրադարձություններ

Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն. Newmag-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը

03 Հուլիս, 2020 15:05
Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն. Newmag-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը
21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային առաջնորդների սիրելի հեղինակի և Դավոսի համաժողովի գլխավոր խոսնակի գիրքը հայ հանդիսատեսին ներկայացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ՝ Newmag հրատարակչության կողմից։ «Sapiens»-ը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, վաճառվել 12 միլիոն օրինակ և 5 տարի անընդմեջ գլխավորել New York Times-ի բեսթսելլերի ցուցակը:
 
«Պատմահասարակագիտական և քաղագիտական բնույթի գրականության կարիք այսօր շատ կա: Հատկապես ժամանակից քաղաքագիտական միտքը կարևոր է հասկանալու համար ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, տեղի ունեցող քաղաքական, հասարակական երևույթները, շարժումները, իրադարձությունները, և դրանց սթափ գնահատական տալու համար», - ասել է Newmag ընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:
 
«Sapiens» գրքում Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է պատմական գրքերի մասին կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 հազար տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը:
 
«Որպես գործարար, որը երազում է տեսնել Հայաստանը ինովացիայի գլոբալ քարտեզի վրա, անձնապես ինձ ու մեր թիմի համար այս գործընկերությունն ու եռագրության թարգմանությունը մի քանի նպատակ ունի։ Նախ, դառնալ համաշխարհային օրակարգի և գլոբալ երկխոսության մաս, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին։ Երկրորդ՝ համաշխարհային կարևորության ամենաթարմ և ամենաորակյալ գրականությունը ներկայացնել հայերեն։ Եվ երրորդ` ճանաչելով աշխարհը, ընթերցելով ամենաթարմ գիտահանրամատչելի գրականությունը, վերաիմաստավորել նաև մեր երկրի ապագան», - գրքի բացման խոսքում ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։
 
Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որը հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա, ներկայացնում է մարդկության անցյալը և այդ անցյալում տեղի ունեցած կարևորագույն շրջադարձերը, որոնք մինչ այսօր մեծ ազդեցություն են ունենում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների և պետությունների վրա: Հարարիի եռագրության առաջին թարգմանության շնորհիվ «Գալաքսի» ընկերությունների խումբն ու Newmag հրատարակչությունը խոստանում են քննարկումների, մտքի գրոհների ու մտավոր կապիտալի ստեղծման հետաքրքիր նախագիծ։
 
«COVID-19» համաճարակով պայմանավորված՝ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա առցանց և Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հուլիսի 6-ին, առավոտյան 10։15-ին, «Բարի լույս» ծրագրի շրջանակում։ Գիրքը հուլիսի 6-ից հասանելի կլինի բոլոր գրախանութներում։
 
***
 
«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկն է՝ իր կազմում ներկայացնելով 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ համագործակցելով, մասնավորապես, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի», «Սթարթափ Հայաստան» հիմնադրամի, «Ստեղծարար Հայաստանի» հետ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։
 
Newmag ընկերությունը Հայաստանի առաջատար հրատարակչություններից է։ Ստեղծվելով 2007 թվականին՝ ընկերությունը մինչև 2018 թվականը տպագրել է համանուն ամսագիրը։ 2018-ի մարտին ընկերությունը փոխեց ուղղությունը՝ կենտրոնանալով հրատարակչական ոլորտի վրա։ Եվ արդեն 2018 թվականից «Newmag»-ը ընթերցողին է ներկայացնում հայկական և համաշխարհային բեսթսելլերներ։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին