Կարևոր իրադարձություններ

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել. «Ժողովուրդ»

03 Հուլիս, 2020 08:06
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը երեկ ստացել է նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատասխանը։ «Ժողովուրդ» օրաթերթը իր հունիսի 30-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, եւ կուսակցության նախագահն արդեն ստացել է այդ մասին պաշտոնական տեղեկությունը: Իսկ ի՞նչ է ասված փաստաթղթում. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:

Իհարկե, սպասելի սցենար էր, քանի որ արտակարգ դրության պայմաններում նման գործի քննությունը, բնականաբար, կարող է վնասել վարակի դեմ պայքարի գործընթացին, առավել եւս, որ կուսակցության նախագահի դիմումը ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ էր, այլեւ ՀՀ վարչապետի: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: 

Նկատենք, որ դրան զուգահեռ ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի միայն Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում:

Եվ հետաքրքիր է, որ երեկ սոցիալական ցանցերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն դժգոհում են, որ այս համավարակի օրերին ընդդիմադիր խմբակցությունները նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Սա նշանակում է, որ այս հանձնաժողովն էլ անդամների սահմանված թիվը չապահովելու հիմքով կմնա չկայացած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին