Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Արցախի արտգործնախարարը շնորհակալական նամակներ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ անդամների

02 Հուլիս, 2020 23:58
Արցախի արտգործնախարարը շնորհակալական նամակներ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ անդամների։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

ԱԳ նախարարը երախտագիտությամբ է նշել, որ ի շարունակություն 2019 թ. հոկտեմբերին Վաշինգտոնում ունեցած հանդիպումների և ստացված հավաստիացումների՝ կոնգրեսականները հետևողական ջանքեր են գործադրում՝ Արցախի Հանրապետության հետպատերազմյան վերականգնողական գործում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող մարդասիրական օգնության շարունակականությունն ապահովելու համար:

«Անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը Արցախին օգնել է հոգալ տարբեր հրատապ մարդասիրական կարիքներ և հաղթահարել ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետևանքները: Մասնավորապես՝ Ամերիկայի աջակցությունը «The HALO Trust» կազմակերպության՝ պատերազմի հետևանքով տուժած տարածքներում կատարվող արդյունավետ աշխատանքներին, միջազգային մարդասիրական ականազերծում իրականացնող այս կազմակերպությանը թույլ է տվել վնասազերծել տասնյակ հազարավոր ականներ և ագրեսիայի այլ մահացու մնացորդներ»,- նշել է Մասիս Մայիլյանը։

ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական աջակցությունը կօգնի երկու երկրներին շարունակել ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև հոգալ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնական մարդասիրական կարիքները:

Մասիս Մայիլյանը նաև շնորհավորել է կոնգրեսականներին ԱՄՆ անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ անկախության պատմության ընթացքում Միացյալ Նահանգները եղել է ազատության և ժողովրդավարության արժեքների պաշտպանության առաջնագծում, ինչը ոգեշնչել է աշխարհի բազմաթիվ երկրների, ներառյալ՝ Արցախի Հանրապետությանը՝ ոտքի ելնել և պայքարել իրենց անքակտելի իրավունքների և ազատությունների համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին