Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից արգելվում է ոչ սպանդանոցային մորթը. ո՞ր մարզերում սպանդանոցների խնդիր կա

01 Հուլիս, 2020 17:26
Այսօրվանից արգելվում է ոչ սպանդանոցային մորթը. ո՞ր մարզերում սպանդանոցների խնդիր կա

Այս պահի դրությամբ ՀՀ–ում 45 սպանդանոց է գորոծում ևս 15–ից 20–ը այսօր՝ հուլիսի 1–ից մինչև ամսի 10–ն ընկած ժամանակահատվածում կսկսի գործել։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Հարությունյանի փոխանցմամբ՝ այսօրվանից  սպանդանոցները կարող են սպասարկել գյուղացիներին և ոչ միայն․

«Մեր հանրապետության պահանջարկը 70–ից 80 սպանդանոց ունենալն է։ Այս պահի դրությամբ, եթե հաշվի առնենք, որ 45–ը գործում է, 20–ն էլ այսօրվանից է սկսելու գործել, կարող ենք ասել, որ  մենք ունենք 65 սպանդանոց»,– ասաց վերջինս ։

 Հարությունյանը նշեց, թե որ մարզերում են տեղակայված սպանդանոցները․

«Ամենահագեցած մարզերից են Արարատը և Կոտայքը, որոնք մի քանի սպանդանոցներ ունեն և ամբողջ իրենց տարածքին ապահովում են , նույնիսկ՝ հարակից մարզերին կարող են սպասարկել և օգնել։ Ամենալուրջ պրոբլեմը, որ ունենք Շիրակի և Վայոց Ձորի մարզերում է, որտեղ մեկական սպանդանոց է, և  սպանդանոցի խնդիր կա, բայց փաստն այն է , որ այս պահին կառուցվում է։ Այսօրվանից չեն բացվի դրանք, բայց առաջիկայում՝ երկու–երեք ամիսների ընթացքում, այդ մարզերում սպանդանոցների խնդիրը կլուծվի։ Գեղարքունիքի մարզում 4 սպանդանոց է գործում,  1–ը փակվեց։ Սյունիքի մարզը, ոնց որ թե ապահովված է․ իր բոլոր տարածաշրջաններն ունեն ։ Բոլոր մարզերը աստիճանաբար իրենց խնդիրները կարգավորում են։ Մենք ունենք նաև երկու շարժական սպանդանոց, որը տեղակայված է Արմավիրի մարզում, քանի որ շարժական են իրենք այլ մարզերում էլ կարող են ծառայություններ մատուցել»,– եզրափակեց Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ  այս տարվա սկզբից մսավաճառները և անասնաբույծները բողոքի ակցիաներ էին անցկացնում` պահանջելով վերանայել սպանդանոցներում մորթն իրականացնելու պարտադիր պահանջը, որն ուժի մեջ էր մտել 2020թ.-ի հունվարի 15-ից։ Այսօրվանից՝ հուլիսի 1–ից,  վաճառքի համար նախատեսված մսի համար պարտադիր է լինելու սպանադանոցային մորթը։

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին