Կարևոր իրադարձություններ

Այսօր ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի շղթայում գործող 30 ընկերությունների աշխատանքը

01 Հուլիս, 2020 16:57
Այսօր ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի շղթայում գործող 30 ընկերությունների աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձնագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով կասեցվել է Սևան-Դիլիջան մայրուղու վրա գործող «Ծովագյուղ» հանրային սննդի կազմակերպության գործունեությունը. այստեղ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, նկատվել են մարդկային կուտակումներ դրամարկղերի մոտ, ինչպես նաև հարակից սեղանների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել համապատասխան սոցիալական հեռավորություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Այսօր ՍԱՏՄ-ն հանրապետությունում 24 ժամով կասեցրել է սննդի շղթայում գործող ևս երեք տասնյակ ընկերությունների աշխատանքը:

ՍԱՏՄ-ն շարունակում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում:

Ուժեղացված ստուգայցեր և կրկնայցեր են կատարվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում. խախտումները կրկնվում են հիմնականում կապված գրանցամատյանների լրացման հետ. դրանք անփույթության կամ անուշադրության հետևանքով լրացվում են թերի: Հաճախ կրկնվող թերացումների շարքում է նաև դիմակի ոչ պատշաճ կրելը՝ այն իջեցված է լինում քթի տակ կամ, ընդհանրապես, կզակին:

Մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սննդի շղթայում տնտեսավարող բոլոր կազմակերպություններին պահպանել կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ քաղաքացիներին՝ այդ նորմերի ցանկացած խախտում նկատելիս՝ ահազանգել ՍԱՏՄ «Թեժ գծին»:

 

Լրահոս

Դիտել ավելին