Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 1-ից մեկնարկում է 2020 թվականի ամառային զորակոչը․ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը

30 Հունիս, 2020 23:30
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Հուլիսի 1-ից մեկնարկում է 2020 թվականի ամառային զորակոչը․ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրապետության, և մասնավորապես, Կոտայքի մարզի սիրելի ՛ զորակոչիկներ,

Հուլիսի 1-ից մեկնարկում է 2020 թվականի ամառային զորակոչը:

Այսուհետ դուք ստանձնում եք նոր պարտավորություն՝ միտված հայկական մեր երկու պետությունների սահմանների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:

Ամուր պետության հիմնաքարը հզոր բանակն է, իսկ հզոր բանակի անփոխարինելի հենասյունը դուք եք և ձեր ընկերները:

Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը Ազգային Բանակ մեկնի հենց այս գիտակցումով:

Սիրելինե՛րս,

Այսօր կյանքի նոր շրջափուլ եք մտնում, որն, անշուշտ, ձեզ համար անծանոթ է և բացահայտումներով ու փորձություններով լի:

Նոր փորձություններով, հետաքրքրություններով և ձեռքբերումներով լի երկու տարիների ընթացքում երբեք չկորցնեք զգոնությունը, շրջահայացությունը, ընկերասիրությունը և բոլոր իրավիճակներում գործեք իբրև իր պարտականությանը գիտակից, արի և վեհանձն ՄԱՐԴ:

Իր մեջքն ուղղած մեր պետությունն այսօր անում է առավելագույնը՝ մարտունակ բանակ ունենալու և ձեր ծառայության համար առավել բարենպաստ ու անվտանգ միջավայր երաշխավորելու համար:

Մեր սահմանների ամրությունն այսօրվանից նաև ձեր ձեռքերում է:

Իմացե՛ք, որ ձեր թիկունքին Հայաստանի Հանրապետությունն է, իսկ մեր պետության անվտանգության և մեր սահմանների անառիկության առաջին երաշխավորը դուք եք:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ամառային զորակոչի մեկնարկի առթիվ՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ մաղթում ձեզ բոլորիդ. իսկ ձեր ծնողներին ու հարազատներին՝ հպարտության զգացումի հետ մեկտեղված` համբերություն և հարգանքներիս հավաստի’քը:

Շնորհակալություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին