Կարևոր իրադարձություններ

Իրանը Դոնալդ Թրամփին եւ ԱՄՆ-ի 35 այլ պաշտոնյայի ձերբակալելու որոշում է կայացրել ու դիմել Ինտերպոլին

30 Հունիս, 2020 15:15
Իրանը Դոնալդ Թրամփին եւ ԱՄՆ-ի 35 այլ պաշտոնյայի ձերբակալելու որոշում է կայացրել ու դիմել Ինտերպոլին

Իրանի դատական իշխանությունը ձերբակալման որոշում է կայացրել ԱՄՆ-ի 36 պաշտոնատար անձի, այդ թվում՝ գործող նախագահի համար:

Նրանք, ըստ դատարանի,  կապ ունեն Իսլամական հեղափոխության պահապանների  «Ղոդս»  հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ: Որոշումը պետք է կյանքի կոչվի Ինտերպոլի միջոցով:

SANA արաբական գործակալությունը հայտնում է, որ ըստ Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Մեհրի, 36 անձանց թվում կան ամերիկյան քաղաքական եւ ռազմական գործիչներ, նաեւ՝ այլ երկրների պոշտանատար անձինք:

Դատախազը մանրամասնել է, որ հիշյալ անձինք մեղադրվում են սպանության եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ եւ հավելել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գլխավորում է նշված 36 անձանց ցանկը եւ նրա նկատմամաբ քրեական հետապնդումը չի դադարի անգամ Միացյալ նահանգների նախագահի պաշտոնը թողնելուց հետո:

Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին եւ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսին, ինչպես նաեւ  շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի  ներկայացուցիչները սպանվել են  հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու, ԱՄՆ-ի օդուժի հարվածների հետեւանքով:

Հայտնի է, որ հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումները: Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների» եւ նրան վերացնելով իրենք կանխել են Իրանի հետ հնարավոր պատերազմը:

Թեհրանը խոստացել էր դաժան վրեժխնդրություն: Մի քանի օր անց Իրանի օդուժի կողմից հրթիռակոծության ենթարկվեցին Իրաքում ամերիկյան ռազմաբազաները:

 

Լրահոս

Դիտել ավելին