Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում լրատվամիջոցների իննսուն տոկոսը ոչ շահավետ բիզնես է․ Ալեն Սիմոնյան

30 Հունիս, 2020 15:00
ՀՀ-ում լրատվամիջոցների իննսուն տոկոսը ոչ շահավետ բիզնես է․ Ալեն Սիմոնյան

Այսօր՝ հունիսի 30–ին,  լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ  մի շարք հարցերի։

Անդրադառնալով ԲՀԿ, «Հայրենիք» ՀՅԴ  կուսակցությունների դատախազություն դիմելուն՝ Սիմոնյանն ասաց.

«Դե, մի բան պետք է անեն, չգիտեմ՝ ինչ են անում։ Երբ հիմա տեսնում եմ այն գործողությունները՝ միանալը, հուշագրեր ստորագրելը, ինձ հիշեցնում է այն նույն շրջանը, որ երեսուն տարի ՀՀ-ի բոլոր ընդդիմությունները այդ շրջանով անցնում են, պտտվում, վիճում, հանդիպում, լուսանկարվում և այլն, և այլն։ Ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որ հնարավորություն ունեին կամ ունեն այլ ձևով աշխատելու, այլ մարտավարություն ընտրելու, իրականությունը ճիշտ գնահատելու, այլ ոչ թե իրենց վճարած իրականությունը տեսնելով և դրան հավատալով, գործողություններ անելով՝ նույն ցիկլի մեջ են, նույն բաներն են անում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանն անդրդարձավ նաև ընդդիմադիր մի քանի լրատվամիջոցների․

«ՀՀ-ում լրատվամիջոցների իննսուն տոկոսը ոչ շահավետ բիզնես է, և ՀՀ-ում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի տարբեր նախկին իշխանության ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առուվաճառքի պայմանագրեր։ Դրանց մեջ մտան «5-րդ ալիք»-ը, «Արմնյուզ»-ը, եթե չեմ սխալվում, էլի շատ ու շատ բաներ»,- նշեց նա։

Ըստ Սիմոնյանի՝ այդ ամենը արվում է և արվել է՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար։

«Այդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որ ստեղծվի իրականություն, և հետագայում քաղաքական գործիչները ընկնում են հենց իրենց ծուղակի մեջ։ Այդ լրատվամիջոցները ստեղծում են, որ վարկաբեկեն իշխանությանը, և հետո իրենք դիտում են հեռուստաալիքները և հավատում են, որ, օրինակ, իշխող կուսակցության վարկանիշը ցածր է, իրենց վարկանիշը շատ բարձր է, իսկ իրականում իրենք ուղղակի ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն, իրենց տեղը խոհանոցն է, իրենց տեղը հաճախ բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է, սրա մասին է խոսքը»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին