Կարևոր իրադարձություններ

Ակնկալիքն այն է, որ Գլխավոր դատախազությունը պետք է գործի ՀՀ Սահմանադրությամբ․ Գևորգ Պետրոսյան

30 Հունիս, 2020 12:50
Ակնկալիքն այն է, որ Գլխավոր դատախազությունը պետք է գործի ՀՀ Սահմանադրությամբ․ Գևորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակություն» և «Հայրենիք» կուսակցություններն այսօր՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել «օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ»։

«Ակնկալիքն այն է, որ Գլխավոր դատախազությունը պետք է գործի ՀՀ Սահմանադրությամբ և «Դատախազության  մասին» օրենքի շրջանակներում, բայց ես այդքան լիահույս չեմ, որ դատախազությունը կգործի օրենքի տառին համապատասխան, որովհետև եթե գործեր օրենքի տառին համապատասխան, այսօր գոնե մի դեպքով քրեական գործ հարուցված կլիներ ,երբ ընդամենը 15 օր առաջ ոստիկանները բռնաճնշումներով տանում էին  հարյուրավոր մարդկանց, հետո՝ բաց էին թողնում, այսինքն ՝ ապօրինի կերպով ձերբակալություններ և բերման ենթարկելու դեպքեր էին լինում։ Եթե դատախազությունն  աչք է փակում այս մասով, որն ի շահ՝ Նիկոլ Փաշինյանի է, դա սպասելի է։ Համենայնդեպս, հարգելով դատախազության հեղինակությունը հույս ունեմ՝  կկատարվի դիմումում նշված հանգամանքների լիարժեք ուսումնասիրություն և ընթացք կտրվի։ Սա ընդամենը ակնկալիք է, բայց նորից եմ ասում՝ դատախազության վերջին շրջանի անգործությունը մի քիչ հիասթափեցնում է ինձ»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Մեր հարցին, թե իշխանության մի շարք ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ ասում են՝ օրենքի խախտում չի եղել, որպես իրավաբան ի՞նչ կասեք՝ հիմքեր կա՞ր Գլխավոր դատախազություն դիմելու համար, ԱԺ պատգամավորն ասաց․

«Ես դիմումն ամբողջությամբ ուսումնասիրել եմ, գտնում եմ, որ հիմնավորված է։ Իսկ էդ իրավապաշտպաններն էլ․  մի իրավապաշտպան, որ Դանիել Իոաննիսյանն է, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Այսինքն նրանք ուղղորդված, կոնկրետ նպատակային նշանակության գործող կառույցներ են։ Ես, իհարկե հարգելով բոլորին, կարծում եմ, որ կա սուբյեկտիվ մոտեցում։ Ես ասում եմ՝ ծանոթացել եմ դիմումին և համաձայն եմ դրա հետ։ Հիմա իրենք ի՞նչ հիմք ունեն պնդելու, որ դա հակաօրինական  դիմում է, եթե դատախազությունը դեռ չի քննել այն։ Այսինքն, դա նշանակում է, որ իրենք ունեն սուբյեկտիվ մոտեցում և ուղղորդված են։ Դրա համար ես այդ իրավապաշտպան կոչված կառույցների կարծիքն այլևս հիմք չեմ ընդունում որևէ հարցի վերաբերյալ իմ իրավական գնահատականը վերջնական գնահատելու համար»։

Դիտարկմանը, եթե Գլխավոր դատախազությունը չբավարարի բողոքը, որո՞նք են լինելու հետագա քայլերը, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․

«Դա խմբակցության և մյուս քաղաքական ուժերի որոշելիքն է, դրա համար իրավունք չեմ վերապահում կարծիք հայտնել, պարզապես մի բան չեմ կարող չասել՝ սա Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ երևույթ է, երբ երեք քաղաքական ուժեր նման հաղորդում են ներկայացնում։ Այսինքն՝ այստեղ իսկապես կա արդարացի և օբյեկտիվ դժգոհություն՝ գործող իշխանությունների գործողություններում, որովհետև վերջիններս կատարում են մեկ մարդու քմահաճությունները։ Ես արդեն չեմ ուզում այդ անուն ազգանունը տալ, իշխանությունները ծառայում են այդ մեկ մարդուն։ Այստեղ ինչն է խայտառակությունը, ընդհանրապես՝ անկախ դատական համակարգ, նշանակում է անկախ քաղաքական ուժերի փոփոխություններից, օրենսդիրն ով է, գործադիրն ով է, դա երբեք չպետք է ազդի դատական համակարգի վրա, եթե դա անդրադարձավ, իրավական պետության մասին խոսելն այլևս հեքիաթ է։ Իսկ իրենք անգիտակցաբար կանգնում ասում են՝ մենք օրենսդիր, գործադիր մարմիններն ազատագրել ենք նախկին իշխանությունից, հիմա էլ դատական համակարգն ենք ազատագրում։  Այդ անգրագիտությունը սահման չունի, եթե որևէ մարդ մտածում է, որ դատական իշխանությունը պետք է սեփականաշնորհել, լցնել իրենց Վահե Գրիգորյաններով, պետությունը կործանվում է։ Ես երբ գնահատականներ եմ հնչեցնում, ինձ ասում են՝ կոպիտ ես խոսում, հասկանում եք՝ պետությունը այդպես է կործանվում , երբ քաղաքականությունը մտնում է դատարան։ Բա էդ երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ես երբ վարչապետ լինեմ, ո՛չ մի դատավոր, ո՛չ մի հրահանգ չի ստանալու, իսկ այսօր ով իր կամքը չի կատարում,  ասում է՝ դուք վնգստացողներ եք, իսկ  որ դատավորը իր կամքը կատարում է, ասում է՝  նորմալ դատավոր ես։ Նման ճնշում դատական համակարգի վրա ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Ես ասում եմ՝ այլևս ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը պետք է շարադրել, որ Հայաստանը բռնապետություն է, ոչ թե ժողովրդավարական, ինքնիշխան, իրավական պետություն է։ Պետք է գրեն այդ պետությունը բռնապետական է, որի բռնապետը Նիկոլ Փաշինյանն  է»։

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին