Կարևոր իրադարձություններ

Տարիներ շարունակ ՍԴ-ում գործող անդամները, ապա իրենց դատավոր «կարգածները» հենց այսպիսի պրիմիտիվ ֆորմալիզմով ձախողել են Սահմանադրության գերակայության ապահովումը․ Տիգրան Եգորյան

29 Հունիս, 2020 15:45
Հեղինակ՝ Տիգրան Եգորյան
Տարիներ շարունակ ՍԴ-ում գործող անդամները, ապա իրենց դատավոր «կարգածները» հենց այսպիսի պրիմիտիվ ֆորմալիզմով ձախողել են Սահմանադրության գերակայության ապահովումը․ Տիգրան Եգորյան

Արդյոք կարո՞ղ է Սահամանդրության 213-րդ հոդվածի փոփոխությունը կիրառվել, և արդյոք դրան խոչընդոտո՞ւմ է ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պարզաբանումներ է արել փաստաբան Տիգրան Եգորյանը՝ մանրամասնելով նաև ՍԴ՝ արդեն պաշտոնաթող դատավորների պնդումները Սահմանադրության կետերի հակասությունների մասին:

22.06.2020թ․ Սարմանադրական փոփոխություններն ընդունելուց սկսած ՍԴ մի խումբ անդամներ սկսեցին մեզ պատմել որ անհրաժեշտ է որպեսզի համապատասխան փոփոխություններ իրականացվեն ՍԴ մասին սահմանադրական օրենքում, հակառակ դեպքում հայտնի 3 անդամի և Հրայր Թովմասյանի որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը չի դադարում։

Այդ և նրանց կողմից ներկայացված տարբեր այլ «մտքեր» ինձ հասկանալի էին․ մարդիկ որոշակիորեն ֆրուստրացիայի մեջ են և փորձում են իրենց տեսանկյունից հնարավոր (կամ այդ պահին մտքներում եղած) բոլոր եղանակներով պաշտպանվել։

Բայց հետո աչքովս ընկավ ՍԴ տարիքով ավագ դատավոր Ա․Խաչատրյանի հարցազրույցը, որը նա տվել էր ԱԺ նախագահ Ա․Միրզոյանի հետ հանդիպումից հետո, որտեղ նա նորից խոսում է օրենքի փոփոխության մասին ու ինչ-որ պայմանների կամ պայմանավորվածությունների (այսպես ասած մի հիմք լինի)։ Մի պայման կա ու դա Սահմանադրությունն է, ու եթե ՍԴ դատավոր դարձած անդամը կամ անդամները դա չեն հասկանում կամ ձևը չեն գտնում, նշանակում է մի բան․ իրենք շարունակելու են չկարողանալ իրականացնել բարձր դատական պաշտոնում իրենց առաքելությունը։

Եթե ամփոփ ներկայացնեմ, ապա հարցն այն է, թե արդյոք Սահմանադրութան նորմերը գործում են անմիջականորեն, թե դրանք պետք է գործարկվեն օրենքում արտացոլվելուց հետո։ Այս հարցի վերաբերյալ ևս վերջին օրերին բազմաթիվ կարծիքներ արտահայտվել են։

Արդյոք կարող է Սահամանդրության 213-րդ հոդվածի փոփոխությունը կիրառվել և արդյոք դրան խոչընդոտում է ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը։

Իրականում այս ամենը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա որևէ եղանակով հետաձգելու և չկատարելու Սահմանադրությունը։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահանում է՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրության այս նորմով 213-րդ հոդվածի 22.06.2020թ․ փոփոխությունների արդյունքում որպես ՍԴ անդամ կամ դատավոր 12 տարի պաշտոնավարած անձանց, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարում է, դադարում են նրանց լիազորություննները և նրանք այլևս Սահմանադրությամբ իրավասու չեն կատարելու ՍԴ դատավորի լիազորություններ։

ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է՝
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝
1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը․

Այս դրույթը վերաբերում է ինչպես տարիքով պայմանավորված այպես էլ պաշտոնավարման ժամկետով պայմանավորված լիազորությունների դադարմանը։
Սահմանադրության 213-րդ հոդվածի 22.06.2020թ․ փոփոխությունների արդյունքում դադարել են որպես ՍԴ անդամ կամ դատավոր 12 տարի պաշտոնավարած անձանց լիազորությունները (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) (սրա հետ համամիտ չլինելու պարագայում նրանք ազատ են իրենց ենթադրյալ իրավունքների պաշտպանությունն ընտրելու հարցում, սակայն որևէ գործողություն որպես ՍԴ դատավոր հանգեցնելու է հետևանքների)։

Այսինքն բոլոր այն պնդումները, որ ՍԴ մասին օրենքը չի նախատեսում Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության արդյունքում ՍԴ դատավորների լիազորությունների դադարում, ուղղակի մանիպուլյացիա են։

ՍԴ մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է՝ Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը (2-րդ մաս)։

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը (3-րդ մաս)։

Հրայր Թովմասյանի որպես նախագահ պաշտոնավարումը դադարել է, իսկ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի ՍԴ անդամի պաշտոնավարումն է դադարել (Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության արդյունքում)։

Եթե «բացակայության» բառը հասկանալի չէ ու այն չի կարողանում կիրառել այս պահին տարիքով ավագ ՍԴ դատավորը, կամ անհստակության անվան տակ փորձ է արվում արհեստական ճգնաժամ ստեղծել, ապա դա միայն հնարավորություն է տալիս ավելի ստույգ պատկերացում կազմելու նրա նպատակների ու դիտավորության մասին, ինչի կապակցությամբ հետևանքները վաղ թե ուշ վրա են հասնելու։

Սահմանադրության և ՍԴ մասին սահմանադրական օրենքի հակասությունների մասով․
Նախ ՍԴ մասին սահմանադրական օրենքի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է
Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում թափուր տեղում նոր դատավորի ընտրությունն անցկացվում է՝
1) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման դեպքերում՝ նրա լիազորությունների դադարման մասին Սահմանադրական դատարանի նախագահի կողմից տեղեկացվելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում.
Հիշյալ կարգավորումը հակասում է Սահմանադրության 213-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետին՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` երկամսյա ժամկետում:
Այս հակասությունը գործնականում ոչ մի խնդիր, առավել ևս Սահմանադրության 213-րդ հոդվածի կատարման անհնարինության։ ՍԴ ձևավորման համար պատասխանատու և լիազորություն ունեցող սուբյեկտների (ՀՀ Նախագահ, Կառավարություն և դատավորների ընդհանուր ժողով) համար պարտադիր է Սահմանադրության 213-րդ հոդվածը և նրանք պետք է թեկնածուներ առաջադրեն 213-րդ հոդվածով սահմանված ժամկետում։

Հաջորդ հակասությունը․
ՍԴ մասին սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:

Այս կարգավորումը ևս հակասում է Սահմանադրության 213-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետին՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Այս հակասությունը ևս չի կարող առաջացնել Սահմանադրության 213-րդ հոդվածի կատարման անհնարինություն։ Սա շատ պարզ է, քանի որ Սահամանադրությունը ունի գերակայություն և այդ գերակայությունն ապահովելու երդմամբ, Սահամանադրության և ՍԴ մասին օրենքի հիման վրա են գործում ՍԴ անդամներն ու դատավորները և սրանից շեղումը նրանցից յուրաքանչյուրի ուղիղ պատասխանատվության հարց է և նրանցից ոչ մեկը չի կարող թաքնվել ՍԴ մասին օրենքի հետևում՝ ասելով որ այնտեղ նախատեսված չի այն ինչ սահմանված է Սահմանադրությամբ։

Նույնը վերաբերում է ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի հակասությանը։ Հնարավոր չէ դրա վկայակոչմամբ անտեսել Սահմանադրության 213-րդ հոդվածի կարգավորումները և շրջանցել դրանք։ Դա առաջացնում է Սահմանադրության խախտում և դա չհասկանալու մասին ՍԴ անդամների կամ դատավորների պնդումները կարող են ընդամենը տեղավորվել գտնել մեղադրանքից պաշտպանության շրջանակներում կամ որպես անձեռնհասության հավաստիք։

Բոլոր մնացած թեզերը, հոդվածներն ու մենագրությունները հենց կոնկրետ այս հարցով՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի կատարման հարցով, որևէ առարկայական հիմնավորում չունեն։ Այս դեպքը և այս մանրամասն ընթացակարգ սահմանող Սահմանադրության 213-րդ հոդվածը չի մտնում այն ընդհանուր ստանդարտի մեջ, որի համաձայն Սահմանադրության կայուն և միատեսակ կիրառության/մեկնաբանության ապահովման նպատակով պետք է մանրամասն օրենսդրական կամ ենթաօրենսդրական կարգավորում։ Այս դեպքում չկա այնպիսի քայլ որը հնարավոր չէ կատարել հիմնվելով Սահմանադրության, դրա 213-րդ հոդվածի և ՍԴ մաին օրենքի վրա։

Տարիներ շարունակ ՍԴ-ում գործող անդամները, ապա իրենց դատավոր «կարգածները» հենց այսպիսի պրիմիտիվ ֆորմալիզմով ձախողել են Սահմանադրության գերակայության ապահովումը, Սահմանադրությամբ սահմանված սկզբունքների և իրավունքների ապահովումը՝ հղում կատարելով ինչ-որ տեղեկանքների կամ դրանց բացակայության։

Սա մոտավորապես նույնն է, որ ձեր ներկայացրած հայցադիմումը, որին կցել եք ձեր անձնագրի պատճենը, վերադարձնում է դատավորը՝ ասելով որ տեքստի մեջ չեք արտագրել անձնագրի համարը։

Այս մակարդակի ընկալմամբ ՍԴ-ում անելիք չկա։
Շատ հետաքրքիր է նաև այն ժամանակահատվածը, որում պետք է իրագործվեն Սահմանադրության 213-րդ հոդվածի կարգավորումները (պաշտոնավարումը դադարած անդամների և նախագահի վերջնահաշվարկի, դիվանագիտական անձնագրերի, ՍԴ անդամների զենքերի հանձնման և այլ հարցեր)։ Դրանցից յուրաքանչյուրի կապակցությամբ շատ մեծ զգուշությամբ պետք է ցուցաբերենեն համապատասխան լիազորություններ իրականացնող անձինք, քանի որ մեկ սխալ կամ ապօրինի որոշումը կարող է առաջացնել պատասխանատվության հարց։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին