Կարևոր իրադարձություններ

Դուք բարոյականություն ունե՞ք. Արցախի նախագահի խոսնակի գրառումը

28 Հունիս, 2020 22:34
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Դուք բարոյականություն ունե՞ք. Արցախի նախագահի խոսնակի գրառումը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին այցելել էր առաջնագիծ: Թեմային հատուկ չէի անդրադառնա, եթե վերադառնալուն պես չնկատեի հայկական որոշ լրատվամիջոցների բարձրացրած անիմաստ ու անտեղի աղմուկը զիջողականության թեզի վերաբերյալ հայտնի կեղծ տեղեկատվության շուրջ: Ցավով եմ արձանագրում, բայց հայկական մամուլի և քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչների կողմից Արցախի հանդեպ երբևէ այսքան շահարկում չէր եղել: Պատճառն, իհարկե, մեզ համար պարզ է. ՀՀ-ում արձանագրվող ներքաղաքական սուր հարաբերություններն են, բայց չէ՞ որ Արցախի իշխանությունները երբևէ չեն միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքին ու դրա ցանկությունն էլ չկա: Մանրադրամի մի՛ վերածեք այն, ինչի մասին ժամանակին կամ պարբերաբար պաթոսով խոսում եք: Արցախը համայն հայության սրբություն-սրբոցն է, որտեղով այսօր անցնում է հայկական պետականությունների ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյության առաջնագիծը:

Ո՞ւմ եք փորձում մեղադրել զիջողականության մեջ. այն նախագահի՞ն, ով դեռ անչափահաս տարիքում զենքը վերցրել է ու իր ավագ ընկերների հետ պաշտպանել հայրենիքը, ում ձեռքերում մարտի դաշտում վերջին խոսքերն է շշնջացել նրա հարազատ եղբա՞յրը, ով հարյուրավոր մարտական ընկերնե՞ր է կորցրել, ով, զբաղեցնելով ԱՀ վարչապետի պաշտոնը, հրապարակավ դե՞մ է արտահայտվել պաշտոնապես բանակցային քննարկման թեմա դարձած Մադրիդյան սկզբունքներին, ով ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ քաղաքական օրակարգ է բերել Արցախի 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձի հարցը…

Դուք բարոյականություն ունե՞ք: Չէ, չունեք, անգամ ամոթանք տալուն արժանի չեք…

Արայիկ Հարությունյանը մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ արդեն պաշտոնավարում է նախագահի պաշտոնում: Լուսաբանված և լուսաբանման ոչ ենթակա խորհրդակցությունները, հանդիպումները, այցերն ու հանձնարարականներն անվտանգության թեմայով հավանաբար գերակշռում են բոլոր մնացածի նկատմամբ: Բայց դա ձեզ ու ձեր նեղ քաղաքական շահերը սպասարկողներին հետաքրքիր չէ, քանի որ ձեր խնդիրն իրականում տարբերվում է ձեր կողմից պաթոսով ներկայացվող խնդիրներից:

Վեր կանգնե՛ք ձեր նեղ կուսակցական և քաղաքական շահերից, եթե չեք վախենում ազգի անեծքից: Արցախը «մարզ» ու «վասալ» անվանողներ, մի պարզ ճշմարտություն հասկացեք. դուք ձեր այդ պահվածքով չեք հարգում Արցախում ապրող հայության ընտրությունը, որը լրիվությամբ համընկնում է թշնամու պահվածքի հետ:

Մեզ միասնություն է պետք, կուռ միասնություն: Ապացուցե՛ք, որ կարող ենք, որ «հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց կարելի է միայն պառակտել» պատմական պնդումն ամենևին էլ մեր ժամանակների մասին չէ ասված:

 

Լրահոս

Դիտել ավելին