Կարևոր իրադարձություններ

Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամները հանդիպել են Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

27 Հունիս, 2020 18:22
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամները հանդիպել են Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ ՀԵՏ

 
 

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հանդիպեց Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Փոխադարձ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտությանն ու արտաքին քաղաքական տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի ԱԳ նախարարին «Հանուն հանրապետության» նախաձեռնությունը շնորհավորեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակման առթիվ, միաժամանակ շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար։ «Սա Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության առաջին այցն է, և այդ այցը կատարում ենք Արցախ։ ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը հայության հավաքական շահերի առանցքային բաղադրիչն է։ Միայն ինքնիշխան պետությունն ու պետականակենտրոն քաղաքականությունը կարող են երաշխավորել այդ շահերի իրացումը»,-իր բացման խոսքում նշեց ԱԺ պատգամավորը։

Բաբաջանյանն անթույլատրելի որակեց նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում դավադրական և հակապետական այն ուժերին, որոնք ստանձնելով 5-րդ շարասյան դերը, Արցախի հարցը դարձրել են շահարկումների առարկա։

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր պատասխան խոսքում կարևորեց Հայաստանում գոյություն ունեցող և ձևավորվող ապագային միտված քաղաքական ուժերի գործունեությունը։ «Արցախի ապագան կախված է Հայաստանում հեղափոխության արժեքների ամրապնդումից, ինչը հայության անվտանգ ապագայի միակ երաշխիքն է։

Քաղաքական դաշտում առողջ ուժերի գոյությունը կապահովի ժողովրդավարական արժեքների հաստատումը և կամրապնդի հայկական կողմերի դիրքերը բանակցային գործընթացում։ Արցախն իր աջակցությունն է հայտնում ՀՀ-ում ժողովրդավարական արժեքային համակարգի ձևավորման ճանապարհն ընտրած ուժերին»:

Հանդիպման փակ հատվածում, ի շարս այլ հարցերի նախարարի հետ քննարկվեցին Արցախի ներքաղաքական կյանքին ու կարգավորմանը վերաբերող հարցեր։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին