Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Այնպիսի մարդիկ են սկսել խոսել Սահմանադրություն խախտելու մասին, որ սկսում ես կասկածել մարդկային հիշողության ու ամոթի գոյության մասին․ Գևորգ Գորգիսյան

27 Հունիս, 2020 16:28
Հեղինակ՝ Գևորգ Գորգիսյան
Այնպիսի մարդիկ են սկսել խոսել Սահմանադրություն խախտելու մասին, որ սկսում ես կասկածել մարդկային հիշողության ու ամոթի գոյության մասին․ Գևորգ Գորգիսյան

ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներ՝ հներ, նորեր, նոր հներ և հին նորեր, ձեր պայքարում չկա ամենակարևորը. ՀԱՆՈւՆԸ

Վերջին օրերին այնպիսի մարդիկ են սկսել խոսել Սահմանադրություն խախտելու մասին, որ սկսում ես կասկածել մարդկային հիշողության ու ամոթի գոյության մասին։

Մարդիկ, որ տարիներ շարունակ քաղաքականության մեջ են եղել՝ ընտրակեղծարարության ու Սահմանադրությունը ոտնահարելու շնորհիվ, այսօր հանկարծ սկսեցին խոսել իրավական պետությունից և Սահմանադրությունից։

2013 թ. նախագահական ընտրություններում ակնհայտ պարտված Սերժ Սարգսյանի թիմակիցները հանկարծ խոսում են իշխանություն զավթելու ու յուրացնելու մասին։

Նրանք կարծում են՝ հանրությունը մոռացել է՝ ինչ մեթոդներով էր 2015 թ.-ին փոփոխվում Սահմանադրությունը։

Նրանք կարծում են՝ մենք մոռացել ենք` ինչ մեթոդներով էին մասնակցում 2017 թ. ընտրություններին։

Հարգելիներս, մենք լավ գիտենք՝ ինչպես է պետք պաշտպանել ՀՀ Սահմադրությունը ոտնձգություններից՝ ձեր դեմ պայքարելու փորձը վկա։ Ուղղակի ոտնատակ մի ընկեք։

Բայց սա դեռ զավեշտի սկիզբն է։ Այս հներին բոլորս լավ գիտենք։ Ավելի վատ վիճակ է ռեբրենդինգ եղած նախկինների մոտ։

Մարդիկ ամենասուր ձևով քննադատում են Նիկոլ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությունն ու մեթոդները, բայց քաղաքականություն են մտնում Փաշինյանի քաղաքական ձեռնարկով։

Ինչպես 2016 թ. Վանաձորի ընտրությունների ժամանակ, Փաշինյանի թիմը, հասկանալով, որ ոչ մի շանս չունի իշխանությունների դեմ, որոշեց #Լուսավորին հարվածելով, ընդդիմադիր ձայներ թռցնելով, մի կերպ մտնել խաղի մեջ: Այսօր էլ ռեբրենդինգ եղած հանրապետականները, քաղաքականությունն իրականացնում են փաշինյանական մեթոդներով.

- թիրախավորել են #խորհրդարանական ընդդիմությանը՝ փորձելով նրան խաղից հանել ու դաշտն ազատել իրենց գործունեության համար,
- դաշտը կրկին բաժանում են յուրայինների ու թշնամիների՝ առավել սրելով Փաշինյանի՝ հանրությունը մասնատելու քաղաքականությունը,
- քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու համար տարատեսակ բամբասանքներ են շրջանառության մեջ դնում՝ գործող իշխանությունների հետ կապերի մասին,
- քաղաքական բանավեճը տեղափոխում են անձնական վիրավորանքների դաշտ՝ օգտագործելով ամենավերջին փողոցային բառապաշարը,
- արդեն սկսել են խոսել ժողովրդի անունից ու իրենց կարծիքը ներկայացնում են՝ որպես ժողովրդի կամք, միակ և բացարձակ ճշմարտություն։

Ուղղակի հիշենք, որ 2016 թ. այս մեթոդով Փաշինյանի թիմը թեթևակի առավելություն ունեցավ միայն անվավեր քվեաթերթիկների նկատմամբ։

Այս «նորերը» կրկնօրինակում են նույնիսկ Փաշինյանի կարգախոսը՝ «կարևորը սրանք գնան, մենք որ գանք, ամեն ինչ լավ կլինի»։

Հայաստանի համար ամենացավալին հենց այս վերջինն է։ Այստեսակ կարգախոսների արդյունքում, Հայաստանում չի զարգանում քաղաքական միտքը, չի զարգանում քաղաքական բանավեճը ու չի աճում քաղաքական մշակույթը։

Քաղաքական դաշտ մտնող այս «նոր» ուժերի մոտ մենք տեսնում ենք հենց այս ախտանիշները՝ գաղափարը, սկզբունքների ու արժեհամակարգային մոտեցումների բացակայությունը։ Ու այս «նորերի» դեպքում տեսնում ենք հին շարժառիթները. իշխանությունը պետք է՝ անձնական, խմբային կամ կլանային շահերի համար։

Հույս ունեի՝ հեղափոխությունից հետո կփոխվի քաղաքական դաշտի դիսկուրսը, ու նույնիսկ ռեբրենդինգ եղած հները, կմտնեն քաղաքականություն՝ բազմակարծության, գաղափարական բախումների ու ավելի ուժեղը կառուցելու տեսլականներով։ Բայց ավաղ, նախկինների մենիշխանական ախորժակին հաջորդեց ներկաների ոչ պակաս մենիշխանության քաղցը, իսկ վերակենդանացած հների մոտ մենիշխանության ձգտումը դարձել է գոյության միակ երաշխիքը։

Այս ամենի արդյունքում, քաղաքական դաշտում դժվար է լինում իրապես #ժողովրդավարական արժեքների դավանող և գաղափարական բանավեճ ակնկալող քաղաքական ուժերի համար՝ ինչպիսին Լուսավոր Հայաստանն է։ Մենք հավատում ենք, որ վերոգրյալ պրոցեսները ժամանակավոր են ու անցողիկ։ Մենք հավատում ենք, որ միայն համախմբելով ու փոխլրացնելով է հնարավոր Հայաստանը տանել թռիչքաձև զարգացման։ Մենք վստահ ենք, որ միայն գաղափարների բախումների արդյունքում կարող են ծնվել լավագույն լուծումները։

Մենք մեր երկրի ներսում երբեք չենք ստեղծել թշնամիներ մեզ համար։ Իսկ նոր քաղաքական ուժերի ի հայտ գալն ընդունել ենք որպես մարտահրավեր՝ ավելի լավը դառնալու։

Հարգելիներ՝ հներ, նորեր, նոր հներ և հին նորեր, ձեր պայքարում չկա ամենակարևորը. ՀԱՆՈւՆԸ, այն ՀԱՆՈւՆԸ, որի համար պատրաստ եք զոհել ամեն ինչ։ Ուստի, դուք արդեն պարտվել եք։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին