Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 5 ակումբի մեղադրում է պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ

27 Հունիս, 2020 14:25
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 5 ակումբի մեղադրում է պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ

Հունիսի 26-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկումն էր՝ «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից։ 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի հետ վերջին 1 տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարել՝ ուղղված պայմանավորված խաղերի բացահայտման գործընթացին: Վերջին մի քանի ամսվա ընթացքում այդ աշխատանքներն ավելի են ակտիվացել:

«Դրանց ավելի համակարգված բնույթ հաղորդելու համար ս.թ. ապրիլի 29-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ ստեղծվեց Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե):

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած մեր հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց մարզական աշխարհում և, մասնավորապես, ֆուտբոլում քրեական ենթամշակույթի, կոռուպցիան արմատախիլ անելու, ֆուտբոլն ապաքրեականացնելու անհրաժեշտությունը: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել ՀՀ վարչապետի բարձրացրած խնդրի իրականացմանը և մեր որդեգրած քաղաքականությանը, աշխատելու ենք այնքան, մինչև հասնենք պայմանավորված խաղերի իսպառ վերացմանը»:

Այնուհետև ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին է ներկայացրել փորձագիտական կոմիտեի աշխատանքների արդյունքները և պատրաստած զեկույցները «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Ներկայացվել են ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի, բուքմեյքերական ընկերությունների և բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ զբաղվող օտարերկրյա գործակալությունների և այլ գործընկերությունների տրամադրած փաստերը և տեղեկությունները:

Փորձագիտական կոմիտեն հարցազրույցներ է ունեցել տասնյակ անձանց հետ, ովքեր կարող էին ներգրավված լինել կասկածելի խաղերի կազմակերպման գործընթացում կամ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ կապակցությամբ: Տեղեկությունները ներկայացվել են ՀՖՖ գործկոմին, որի անդամները հնարավորություն ստացան ուսումնասիրելու փորձագիտական կոմիտեի զեկույցները և այն փաստերը, որոնց հիման վրա աշխատանք է ծավալել փորձագիտական կոմիտեն:

Կայացել են քննարկումներ, հնչել բազմաթիվ հարցեր և պատասխաններ, որից հետո առկա փաստերի հիման վրա ՀՖՖ գործկոմը կայացրել է 2 որոշում.

1.Ներկայացնել միջնորդություն ՀՖՖ կարգապահական կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:

2.ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցնել «Լոկոմոտիվ», «Տորպեդո» և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը՝ ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի ա, ժբ, ժէ կետերի հիմնավորմամբ: Նշենք, որ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ:

Եզրափակելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ այս գործողությունները ՀՖՖ նախաձեռնած կարևոր գործընթացի միայն առաջին փուլն է: ՀՖՖ փորձագիտական կոմիտեի աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, հետազոտվելու են բարձրագույն և առաջին խումբը ներկայացնող այլ ակումբներ, որոնց վերաբերյալ հավաքվում են նյութեր և փաստեր:

 

Լրահոս

Դիտել ավելին