Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

«Կարծում եք, որ «բնիկ երևանցիները» ինչ-որ բանով առավե՞լ են բնիկ շամշադինցիներից, խաշթառակցիներից, այգուտցիներից...». Վարազդատ Կարապետյան

27 Հունիս, 2020 12:57
Հեղինակ՝ Վարազդատ Կարապետյան
«Կարծում եք, որ «բնիկ երևանցիները» ինչ-որ բանով առավե՞լ են բնիկ շամշադինցիներից, խաշթառակցիներից, այգուտցիներից...». Վարազդատ Կարապետյան

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր «բնիկ երևանցիները» ֆեյսբուքում ակցիա են սկսել՝ բողոքելով գույքահարկի գծով նոր կարգավորումների դեմ։

Բազմաթիվ սիրված ու հարգված մարդիկ կարծում են, որ գույքահարկի բարձրացումը կբերի իրենց ունեզրկմանը:

Մի քանի հարց այս ակցիայի մասնակիցներին՝

֊ որ գրում եք «բնիկ երևանցի», ի՞նչ ի նկատի ունեք, ձեր ծնողները կամ պապերը ո՞ր գյուղից են։

֊ Տեղյա՞կ եք արդյոք, որ սահմանամերձ գյուղում կամ քաղաքում երեխան հաճախում է մանկապարտեզ, որի տարեկան վճարը մոտ 60.000 դրամ է, իսկ Երևանում մանկապարտեզները անվճար են։

֊ Տեղյա՞կ եք, թե որքան գումար է կառավարությունը հատկացնում Երևան համայնքին, որ քաղաքի հատկապես կենտրոնը լինի այնպիսին, ինչպիսին որ կա։ Իսկ տեղյա՞կ եք, թե որքան է հատկացնում սահմանամերձ Բերդ համայնքին։ Կարծում եք, որ «բնիկ երևանցիները» ինչ֊որ բանով առավե՞լ են բնիկ շամշադինցիներից, խաշթառակցիներից, այգուտցիներից...

֊ Եթե բնակարանը Ազատամուտում է կամ Երևանում՝ Մաշտոցի պողոտայի վրա, կարծում եք, որ նույն գումարո՞վ պետք է հարկել այս գույքը։ Կիրառվող կարգավորմամբ Ազատամուտի բնակարանի համար գույքի տերը կվճարի օրինակ 5000 դրամ տարեկան, իսկ Մաշտոցի պողոտայում նույն մակերեսն ունեցող բնակարանի տերը՝ 100.000 դրամ։ Կարծում եք, որ սա անարդա՞ր մոտեցում է։

֊Պատկերացնու՞մ եք, թե «բնիկ երևանցիներից» որքան ավել գումար են ծախսում Սյունիքի մարզի բնակիչները, որ իրենց երեխաները օգտվեն որակյալ կրթական կամ առողջապահական ծառայություններից, որոնք, ցավոք, կենտրոնացած են Երևանում։

֊ Գիտե՞ք, արդյոք, որ էս պետության բյուջեն սահմանափակ է և ամեն ինչի համար մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք վճարել։ Եվ վճարել ավել, եթե մեր պայմանները անհամեմատ ավելի լավն են, քան ուրիշ քաղաքացիներինը։ Սա կստեղծի հնարավորություն, որ Բերդի ճանապարհները վերանորոգվեն, Սիսիանի հիվանդանոցի համար նոր սարքավորում գնեն, Բերքաբերի մանկապարտեզը վերանորոգեն, որ սվարանցցի երեխան, որ երազում է ջութակ նվագել, հանկարծ այդ հնարավորությունը ստանա։

֊ Եթե ձեր 10 մլն դրամանոց մեքենայի համար դուք՝ բնիկներդ, հիմա վճարում եք, օրինակ, 80000 դրամ գույքահարկ, ինչու պետք է նման գումար չվճարեք ձեր 100 մլն դրամանոց բնակարանի համար։

Այսուհանդերձ, էական խնդիր կա։

Երևանի կենտրոնում բնակվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ բնակարանները ստացել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, հիմա թոշակառու են կամ սոցիալապես վատ պայմաններում։

Այս խնդրի լուծումը նախատեսված է։ Համայնքի ավագանին կարող է իր կողմից հավաքվող ամբողջ գույքահարկի 10%֊ի չափով արտոնություն տալ խոցելի խմբերին՝ նրանց համար զեղչելով կամ ընդհանրապես զրոյացնելով վճարվող հարկի գումարը։ Այսպիսով, տատիկ֊ պապիկների հարցը կլուծվի և նրանք կշարունակեն ապրել իրենց համար այնքան հարազատ դարձած բակում, համայնքում, հարևանների հետ։

Իսկ մնացած բոլոր դեպքերում, սիրելի «բնիկներ», խնդրում եմ հարցը դիտարկել ոչ միայն ձեր ընտանեկան բյուջեի տեսանկյունից։

Հ.Գ. Իսկ երբևէ տեսե՞լ եք, թե ինչ տեսք ունի բազմաբնակարան շենքի մուտքը, օրինակ, Վարդենիսի բանավանում»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին