Կարևոր իրադարձություններ

Բոլոր երկրները պլանավորում են բացել սահմանները. ինչ կլինի տուրիզմի ոլորտի հետ, եթե Հայաստանը չհետևի նրանց օրինակին

27 Հունիս, 2020 12:06
Բոլոր երկրները պլանավորում են բացել սահմանները. ինչ կլինի տուրիզմի ոլորտի հետ, եթե Հայաստանը չհետևի նրանց օրինակին

 COVID 19 նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով Հայաստանում և ամբողջ աշխարհում տուժել են մի շարք ոլորտներ, դրանցից  մեկն էլ զբոսաշրջության ոլորտն է։

Տուրիզմի ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի ղեկավար Սյուզաննա Ազոյանի հետ։ 

-Տիկի՛ն Ազոյան, զբոսաշրջության ոլորտը համարվում է ամենատուժածը, ի՞նչ ելքեր եք փնտրում այս իրավիճակից դուրս գալու համար։

- Մենք այս պահին աշխատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի  գտնենք ինչ որ լուծումներ, հնարավորության դեպքում ստույգ աջակցություն ցուցաբերվի այս ոլորտին, քանի որ մինչ այս եղած միջոցառումները վերաբերվել են առանձին ոլորտների, և հատուկ զբոսաշրջության ոլորտի համար միջոցառում չկար։

Խնդիրը շատ մեծ է, ուղղակի որպեսզի դուք պատկերացնենք, անցյալ տարի նույն ժամանակահատվածում մեր զբոսաշրջային գործակալները, երբ խոսում ենք զուտ կազմակերպված զբոսաշրջության մասին, օրական սպասարկում էին 100-150 զբոսաշրջիկ՝ յուրաքանչյուր գործակալությունը։ Այս պահին մենք սպասարկում ենք զրո զբոսաշրջիկ։ Պետք է  ոլորտին աջակցել, որպեսզի այն  կարողանա գոյատևել և հնարավոր լինի զբոսաշրջիկներ  ընդունել գոնե 2021թ․-ին մարտ ամսից սկսած։  Երբ մարդիկ հարցնում են՝ ակնկալու՞մ ենք, որ այս տարի կլինեն զբոսաշրջիկներ, մեր պատասխանը միանշանակ՝ ոչ է։ Մենք մարտ ամսից սկսած հասկացանք, որ այս տարի չեն լինի զբոսաշրջիկներ, և յադ պատճառով դիմեցինք ՀՀ կառավարությանն ու պարետատանը։

Պետք է օժանդակել և աջակցել ոլորտին, գտնել լուծումներ, որպեսզի մենք կարողանանք պահենք այն աշխատակիցներին, որոնք կաշխատեն և կկարողանան սպասարկել զբոսաշրջիկներին, երբ իրավիճակը թեթևանա և դա 2021թ․-նն է,  ինչպես նշեցի։ Մենք խնդիր էինք բարձրացրել «Շահութարկի մասին» օրենքի հետ կապված, որը լուծում է ստացել, ինչի համար շնորհակալ ենք, բայց կան բազմակի հարցեր:  Որպեսզի դուք պատկերացնեք,  բոլոր այն զբոսաշրջային գործակալները, որոնք իրենց անձնակազմին պահում են, համեմատության համար ասեմ, դա սոցփաթեթ է, որը իրենից ներկայացնում է հետևյալը․

Աշխատակիցը գործ չունի, ուղղակի նամակներ է գրում 2021թ-ի համար, որպեսզի պահի միջազգային գործընկերներին, կամ՝ փոխում են այս տարվա բոլոր գրանցումները մյուս տարվա կամ 2022թ․-ի համար, բայց իրականում՝  իրենք գործ չունեն անելու, սակայն գործակալը պահում է իր աշխատակիցներին։ Կառավարությանը մենք ասում ենք, որ ներդրում ենք անում, պահում ենք աշխատակիցներին, խնդրում ենք՝  գոնե իրենց կողմից էլ լուծեն աշխատավարձային ֆոնդի եկամտային հարկը, կամ ասում ենք՝ եկեք խոսենք աշխատավարձի սուբսիդավորման վերաբերյալ, որովհետև շատ ծանր է բեռը։ Եթե մենք իմանայինք, որ սա կտևի մեկ կամ մի քանի ամիս, մենք պատրատ կլինեինք դրան, բայց սա տևելու  է ավելի երկար։

Կորոնավիրուսը եղավ Հայաստանում ցածր սեզոնից հետո, երբ մենք չէինք աշխատել դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին, բայց  բոլորն այդ ամիսներին էլ ներդրումներ կատարում էինք,  հույսն ունենալով, որ մարտ ամսին ամեն ինչ կվերականգնվի, բայց մարտից եղավ կորոնավիրուսը։

 Ամենակարևոր բանը, որն այսօր մեզ պակասում է և դրանից մենք մեծ ակնկալիք ունենք,  դա տեղեկատվությունն է։ Մենք չենք կարողանում ստանալ մեր հարցերի պատասխանները, թե արդյո՞ք ներկայիս դրությամբ պետական մարմինները մշակում են որևիցե ռազմավարություն։ Արդյո՞ք գիտենք՝  մենք ինչ ենք անելու, երբ COVID19-ի թվերը պակասեն։ Արդյո՞ք մենք պլանավորում ենք այս տարի սահմանները բացել, և խոսքը չի վերաբերում նրան, որ մենք՝ որպես գործակալ, մեր բիզնեսը իրականացնելու համար պահանջում ենք որպեսզի սահմանները բացեն, ո՛չ, մենք պարզապես ցանկանում ենք, իմանալ որն է լինելու  երկրի ռազմավարությունը։ Արդյո՞ք երկրի զբոսաշրջությունը մնում է այն կարևոր ճուղերից մեկը, որի վրա ուշադրություն է դարձնելու պետությունը։  

Մեր հարևան երկիրն օրինակ հայտարարել է, որ բացում է սահմանները հուլիսին, հետո փոխեցին ասեցին օգոստոսի 31-ին։ Մենք հասկանում ենք,  որ ամեն օր փոփոխություններ են տեղի ունենում և վերոնշյալ հայտարարված օրերն էլ կարող են  փոխվել, բայց մենք կարիք են զգում հասկանալու, թե ուր ենք մենք գնում, մենք տեղեկատվության կարիք ենք զգում։ Տեղեկատվությունն անհրաժեշտ է, որպեսզի տեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին,  հասկանանք մեր հետագա ռազմավարությունը։  

-Ասացիք, որ Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումների մեջ եք, մասնավորապես ի՞նչ հարցեր եք քննարկում։

-Մենք քննարկում ենք աշխատավարձերի եկամտային հարկի նվազեցման կամ այն հանելու մասին, որովհետև եթե մենք աշխատավարձ ենք տալիս և դա մեր կողմից դիտարկվում է որպես սոցփաթեթ, մենք խնդրում ենք որպեսզի պետությունը՝ որպես ամենատուժած ոլորտ, գոնե հանի աշխատանավարձային ֆոնդի եկամտային հարկը։

Մենք  խոսում ենք այն մասին, որպեսզի մշակենք առանձին միջոցառում՝ զբոսաշրջության ոլորտի համար։ Նույնիսկ ռեստորանները, որոնք սերտ կապ ունեն զբոսաշրջության ոլորտի հետ նրանք կարող է հիմա 20 կամ 30 տոկոսով են աշխատում, բայց գոնե աշխատում են, իրենց ցուցանիշները 0 չեն։ Հյուրանոցների ցուցանիշները զրո են, խոսքը՝ Երևանի հյուրանոցների մասին է, որոնցից շատերը փակ են, մյուսներն էլ բացել են, որովհետև գուցե ունեն բացօթյա լողավազան։

Մենք այսօր փաթեթներն առաջարկում ենք 2021-2022թթ․-ի համար։  Այսինքն, եթե ինչ-որ մի պահի խոսում էին, որ զբոսաշրջային գործակալներն այլընտրանքային գործով զբաղվեն, չի կարելի նման բան ասել, դա մեծ սխալ է, մենք չենք կարող այլընտրանքային զբոսաշրջությամբ զբաղվել։ Եթե մենք այսօր մեր գրասենյակները փակենք, գնանք տուն, Հայաստանը առաջիկա 3 տարիներին էլ զբոսաշրջիկ չի ունենա։

Այսքան տարիների ընթացքում մենք միշտ հպարտացել ենք, որ զբոսաշրջիկների թիվն ավելացել է։ Հպարտացել ենք նրանով, որ Հայաստանը հայտնվել է համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա, դա այդ մարդկանց ներդրումների արդյունքում է եղել։ Հիմա կարևոր է, որ պետությունն աջակցի, որպեսզի այսքան տարիներ կատարած աշխատանքը մեկ օրվա մեջ ջուրը չգնա։ Մենք կարծես առանց «ոտքի» և «ձեռքի» ենք մնացել, մենք չենք տեսնում ապագան, այն մեզ համար մութ է, չենք հասկանում, թե ուր ենք քայլում։ Ուզում ենք գոնե հասկանալ պետական մարմինների կողմից իրականացվող ռազմավարությունը։

-Եվրոպական շատ երկրներ մշակել են կանոններ, և արդեն բացում են իրենց սահմանները։ Արդյո՞ք հնարավոր է Հայաստանի սահմանները բացել նույն կանոններին հետևելով:

-Ես հենց դա էի ասում, որ մենք կարիք ունենք տեղեկատվության։ Հնարավոր է,  որ առողջապահության նախարարությունն ասում է, որ դա անհնարին է, որովհետև կան պատճառներ, մենք ինքներս ուզում ենք այդ հարցերի պատասխանները ստանալ։

Հասկանալ՝ արդյո՞ք հնարավորություն կա սահմանները բացելու, եթե դա չի վնասի մարդկանց։ Բոլոր երկրները գոնե պլանավորում են, և մենք հասկանում ենք, որ օրինակ, եթե հուլիսին չբացվի, օգոստոսին սահմանները կբացվեն։ Մենք հասկանում ենք, որ սահմանները հնարավոր է բացեն, բայց կրկին փոփոխություններ լինեն:

Մենք այս պահին «կույր» ենք,  չգիտենք ինչ ռազմավարություն, ինչ կանոններ կան։ Մեր տարբեր գործընկերներից ստանում ենք իրենց կողմից մշակված քայլերը։ Օրինակ, եթե նախկինում մեկ ավտոբուսի մեջ կարող էր նստել 25 զբոսաշրջիկ, հիմա կարող է նստել օրինակ 10-ը և այլն։ Այսինքն մենք այս մեսիջները դրսից ստանում ենք և պատրաստ ենք այդ ռազմավարությամբ կիսվել մեր երկրի պատկան մարմինների հետ։ Հարցը կայանում է նրանում, որ պետք է միասին աշխատել։ Կանոնները պետք է որոշեն, ոչ թե սահմանները բացելուց օրեր առաջ,  այլ մինչ այդ, որպեսզի հասկանանք, որ պատրաստ ենք սպասարկել զբոսաշրջիկներին։

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին