Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցն անդրադարձել է Իլհամ Ալիեւի՝ ՀՀ ժողովրդավարության եւ իշխանությունների մասին հայտարարությանը

26 Հունիս, 2020 16:45
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունցն անդրադարձել է Իլհամ Ալիեւի՝ ՀՀ ժողովրդավարության եւ իշխանությունների մասին հայտարարությանը

Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին ելույթում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության և լեգիտիմ ձևավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ և գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ մի քանի դրույթով անդրադարձել Ալիևի դիտարկումներին։

«- Նախ, Ալիևը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։
- Երկրորդ, մեր պետության ներսում ժողովրդավարությունն ամրապնդելու և բյուրեղացնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ քաղաքական տարբեր ուժերի հետ, ընդհուպ մինչև ամբողջությամբ չհամընկնող և հակասող մոտեցումներ, սակայն մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը և ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ և հանդես ենք գալիս միասնական ճակատով։
- Սեփական ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցումից խուսափող Ալիևը փորձում է իր բռնապետությունը արդարացնելու նպատակով ապատեղեկատվության հիման վրա նսեմացնել իրական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, ինչը վստահ եմ չի վրիպում Ադրբեջանում Ալիևին քննադատող հասարակության որոշակի շրջանի, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունից։ Այս քայլով Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը»,- մշել է Մակունցը։

Նա նաեւ ընդգծել է, որ փաստացի, Ալիևի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն և խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն և սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին