Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում յուրաքանչյուր երեխա պետք է կարողանա օգտվել կրթության իր իրավունքից․ Ռոմանոս Պետրոսյան

24 Հունիս, 2020 20:55
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ-ում յուրաքանչյուր երեխա պետք է կարողանա օգտվել կրթության իր իրավունքից․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մարզպետարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, փոխմարզպետի, մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի, մարզից ներառական և ոչ ներառական կրթական համակարգ ունեցող դպրոցների տնօրենների, սոցիալական մանկավարժների, հոգեբանների և հատուկ մանկավարժների, ինչպես նաև դպրոցների կառավարման խորհուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն առնչվող հարցերի շուրջ համատեղ հանդիպում-քննարկում անցկացրեցինք:

Ողջունելով ներկաներին, իմ շնորհակալությունն հայտնեցի նման հանդիպում ձեռնարկելու համար, քանի որ քննարկվելիք հարցերի շուրջ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր ու նամակներ դպրոցների խորհուրդների ներկայացուցիչներից, տնօրեններից և մանկավարժներից, որոնք պետք է օր առաջ հասցնել հասցեատերերին և նոր ուսումնական տարվան ընդառաջ դրանց լուծումներ գտնել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց` կորոնավիրուսի համավարակի այս օրերին նման հանդիպման հնարավորություն ընձեռելու, աջակցության և բաց համագործակցության համար:

Կարևորելով 2020 թվականից համընդհանուր ներառական կրթության անցնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը, քննարկման մասնակիցների հետ ևս մեկ անգամ փաստեցինք մասնագիտական վերապատրաստումների և համայնքներում այդ ուղղությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը:

Մյուս մարզերում ձեռք բերված փորձառության շնորհիվ պետք է խուսափել ընթացիկ հանդիպող խնդիրներից և անել ամեն հնարավորը, որպեսզի մարզում համընդհանուր ներառական կրթության անցումը կայանա որպես հաջողված գործընթաց:

Բացի համընդհանուր ներառման գործընթացից, կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցներում ներառման տեսանկյունից մեր մարզն ունի հաջողված նախադեպեր: Մարզում կուտակվել է մեծ փորձառություն և կան մի քանի դպրոցներ, որոնք լավ մասնագիտական թիմ ունեն և արդեն ունեն այն ռեսուրսը, որը կարող է իրականացնել համընդհանուր ներառման գործընթացը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մեր մարզի դպրոցների համընդհանուր ներառական կրթության անցման հայեցակարգն ու ծրագիրը, ճանապարհային քարտեզը, մանկավարժների վերապատրաստումների կազմակերպման ու դպրոցների շենքային պայմանների բարելավման ու համապատասխան գույքով վերազինման հարցերը:

Հայաստանի Հանրապետությունում մարդը բացարձակ արժեք է և նա պետք է կարողանա օգտվել իր իրավունքներից: Այս դեպքում յուրաքանչյուր երեխա պետք է կարողանա օգտվել կրթության իր իրավունքից: Որպես պետություն մենք պարտավորված ենք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել և ամեն կերպ օժանդակել հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին մեր հասարակության լիարժեք անդամ դառնալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին