Կարևոր իրադարձություններ

Դատախազությունն արձագանքել է ԲԴԽ նախագահի հայտարարություններին

24 Հունիս, 2020 15:22
Դատախազությունն արձագանքել է ԲԴԽ նախագահի հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարություններին։  

««Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քննչական մարմինների և դատախազության հասցեին իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք, անհարիր և անհամատեղելի լինելով իր պաշտոնեական կարգավիճակին և Բարձրագույն դատական խորհրդի առաքելությանը, դուրս են տարրական էթիկական նորմերի և պատշաճության սահմաններից և վիրավորում են ամբողջական համակարգերի և դրանց ներկայացուցիչների մասնագիտական ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

Անընդունելի է քրեական հետապնդման մարմիններին պիտակավորելը, դատավորներին «սրբադասելը» որպես համակարգային հիմնախնդիրների համար պատասխանատվությունը շրջանցելու եղանակ կիրառելու նման մոտեցումն ընդհանրապես, այն պարագայում, երբ առանձին դեպքերում հենց դատարանների հակասական, անկայուն վարքագծի, անհիմն և որոշ դեպքերում անտրամաբանական պատճառաբանություններով կայացվող որոշումների պատճառով երբեմն չի հաջողվում իրականացնել հստակ և կանխատեսելի քրեական քաղաքականություն և կոնկրետ դեպքերում պարզապես իմաստազրկվում է հանցագործությունների բացահայտման, պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքը:

Բավական է միայն ուշադրություն դարձնել դատախազների կողմից վերադաս դատարաններ վիճարկված և բեկանված դատական ակտերի, խափանման միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացվող հիմնավոր միջնորդություններն անհիմն մերժելու արդյունքնում մեղադրյալների կողմից նոր հանցագործությունների կատարման, քննությունից թաքնվելու դեպքերին, ստորադաս դատարանների կողմից Վվճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ոգուն և նշանակությանը հակասող որոշումների կայացման պրակտիկային՝ պատկերացնելու համար այն խնդիրների բազմաթիվությունն ու բազմազանությունը (այդ թվում՝ դատախազության կողմից ԲԴԽ-ի առջև բարձրացված), որոնց լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն փորձ է արվում քողածածկել նման եղանակով և դարձնել այդ խնդիրներն արդարացնելու յուրօրինակ միջոց:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անհաշվենկատ և արդարադատության ընդհանուր շահերից չբխող հայտարարություններից և գործընկերային մթնոլորտում, առանց ավելորդ զգացմունքայնության և լարվածության հարուցման, հանրային ադեկվատ և հիմնավորված պահանջներին ականջալուր՝ օրենքի տառին համապատասխան, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում շարունակել իր ոլորտում առկա խնդիրների լուծման, բարեփոխման նախաձեռնություններն ու հանձնառությունները»:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Լրահոս

Դիտել ավելին