Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    541,5
    553,5

  • RUB

    6,66
    6,96

Կարևոր իրադարձություններ

Նախկին բնակարանը վաճառել եմ և հիփոթեքով նորն եմ գնել․ Կոտայքի մարզպետը՝ «Երազ» թաղամասում բնակարան ձեռքբերելու մասին

23 Հունիս, 2020 13:55
Նախկին բնակարանը վաճառել եմ և հիփոթեքով նորն եմ գնել․ Կոտայքի մարզպետը՝ «Երազ» թաղամասում բնակարան ձեռքբերելու մասին

«Օրենքի պահանջներին համապատասխան և սահմանված կարգով իմ բնակարանը հայտարարագրված է , արտառոց որևէ բան չկա։  Ես իմ անձնական, սեփական բնակարանը վաճառել եմ և այդ գումարն օգտագործելով որպես կանխավճար ՝  հիփոթեքով, եկամտային հարկի փոխհատուցման ծրագրով նոր բնակարան եմ ձեռք բերել։ Այսինքն, դրանից սենսացիա սարքելու որոշ շրջանակների, մոտավոր պատկերացնում եմ ինչ շրջանակներ են դրանք, որևէ սենսացիա սարքելու կարիք չկա, կարծում եմ՝ ոչ էլ արդյունք կունենան, քանի որ այդ ամենն արված է օրենքով և բարոյականության խիստ պահպանմամբ, ինչով որ ես իմ կյանքն ապրել եմ»։,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված նյութերից մեկին, ըստ որի՝ մարզպետը «Երազ» թաղամասում բնակարան է ձեռք բերել։

Պետրոսյանն ասաց, որ նման մանիպուլացված վերնագրերով հրապարակումներն անում են այն շրջանակները, որոնք ունեն մի քանի տասնյակ բնակարաններ, ապարանքներ, ունեն տասնյակ հեկտարներով հողատարածքներ։

«Ապօրինի գույքի բռնագանձման այս մեր օրինագծի ընդունումից հետո չեն կարողանում հստակ, հոդաբաշխ բացատարություն տալ, թե այդքան գույքը, այդքան ունեցվածքը ինչպե՞ս են կուտակել մի քանի տարիների ընթացքում՝ չունենալով համապատասխան օրինական եկամուտներ , աշխատավարձեր կամ դրան հավասարեցված այլ եկամուտներ, որոնց համար իրենք նաև եկամտային հարկեր են վճարել և հարկվել են։ Այս շրջանակներն են այս հարցը մանիպուլացնում, բայց իրականում այդ ամենը հայտարարագրում նշված է և միջին վիճակագրական ընտանիքի, աշխատող և ձգտումներ ունեցող,  բարեխիղճ և ազնիվ քաղաքացու հայտարարագիր է և ինֆորմացիան այդտեղ ներառված է»,- ասաց մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ 15 տարի առաջ ձեռք է բերել  բնակարան, և քանի որ ընտանիքը համալրվել է,  այդ բնակարանն արդեն փոքր էր․

« Վերջին տարիներին ժամանակն  էր, որ ավելի ընդարձակ բնակարան տեղափոխվեմ, սակայն, անհրաժեշտ էր առաջնային կառուցապատողից գնելու, որպեսզի եկամտային հարկի փոխհատուցման այդ ծրագիրը գործի։ Այդ բնակարանը ձեռք եմ բերել 2019թ․-ին եկամտային հարկի փոխհատուցման ծրագրով։ Հայտարարագրում դա նշված է»։

Մարզպետն ընդգծեց՝ իր շրջապատում բոլորը ծանոթ են իր կենսակերպին, իր հնարավորություններին և աշխատավարձից գոյացած եկամտային հարկի փոխհատուցմամբ է բնակարանը գնել․

«Որևէ սենսացիա չկա։ Այդ սենսացիաները թող փնտրեն այն շրջանակների հայտարարագրերում,  որոնք 2018թ-ին հայտարարագրել են շատ ավելի քիչ գույք, քան ունեցել են, հետո՝ օրենքի գերակայության նորմի պահպանման արդյունքում, երբ տեսել են, որ  օրենքի առաջ բոլորն են հավասար, և իրենց որևէ մեկը չի կարողանալու փրկի արդարադատությունից՝ ապօրինի գույքի բռնագանձման հոդվածով, ամենայն հավանականությամբ  մի ստվար զանգված պատասխանատվության է կանչվելու այդ իսկ պատճառով սկսել են քաղաքական շրջանակների մեջ անհատների անունները շահարկել, ովքեր իրենց օրինական եկամուտներով, վարկերով, հիփոթեքով, համեստ կարողություններ ունեն։ Թող պարզաբանեն տասնյակ հեկտարների վրա իրենց առանձնատները ինչպես են կառուցել և ձեռք բերել․ ապօրինի բնակարանները ի՞նչ եկամուտներով են ձեռք բերել, արդյո՞ք հայտարարագրել են այդ բոլոր գույքը, կարողանալու՞ են բացատրել Հայաստանի Հանրապետությանը ։ Որտեղի՞ց իրենց, օրինակ՝ պատգամավորի կտրվածքով, 17 բնակարան և 13 ավտոտնակ, այդ շրջանակները թող այդ պարզաբանումները տան, հետո նոր իմ անունը շրջանառեն այդպիսի պատմությունների մեջ»,- եզրափակեց Պետրոսյանը։

 

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին