Կարևոր իրադարձություններ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

23 Հունիս, 2020 12:30
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձում ասվում է․

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Նորին Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն մաղթանքներս:

Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը:

Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խոր բարեկամությունը:

Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»:

 

Լրահոս

Դիտել ավելին