Կարևոր իրադարձություններ

Օր առաջ իշխանությունները ամբողջ դատական համակարգի համար լայնածավալ և խորը վեթինգ պետք է նախաձեռնեն․ Դանիել Իոաննիսյան

22 Հունիս, 2020 17:30
Օր առաջ իշխանությունները ամբողջ դատական համակարգի համար լայնածավալ և խորը վեթինգ պետք է նախաձեռնեն․ Դանիել Իոաննիսյան

«Մեղքս չթաքցնեմ , քանի որ ես խորապես չեմ ուսումնասիրել Վենետիկի հանձնաժողովի  եզրակացությունը Սահմանադրական դատարանի  վերաբերյալ , բայց մի բան  ակնհայտ է, որ Սահմանադրության 213–րդ հոդվածը չի արտացոլում այն տրամաբանությունը, որը դրված է  Սահմանադրության մեջ  և ըստ էության՝ խախտվում է» ։  Այս մասին Shabat.am–ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ծրագրերի  համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով  իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցերի՝  Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականին։ 

 

«Դրված տրամաբանությունն այն է , որ Սահմանադրական դատարանի  դատավորները 12  տարի ժամկետով են ընտրվում, իսկ նախագահը ընտրվում է ՍԴ–ի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Մենք ունենք իրողություն, որտեղ Սահմանադրական դատարանի  դատավորները պետք է պաշտոնավարեն մինչև 65 տարին լրանալը։ Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվել է ոչ թե ՍԴ–ի կողմից, այլ՝ Ազգային ժողովի, և ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ փաստացի 17 տարով։ Այս իրողությունը  պայմանավորված է որոշ կոռուպցիոն բնույթի սխեմաներով, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի մարտ ամսին »,–ասաց Իոաննիսյանը։

Նա նշեց, որ   Սահմանադրության 213–րդ անցումային հոդվածը  չի արտացոլում Սահմանադրության տրամաբանությունը, այդ հոդվածի փոփոխումը, որը շրջանառվում է՝  ամբողջությամբ տեղը կգցի այդ տրամաբանությունը։

«Ինչքան էլ՝ 2015 թվականի Սահմանադրությունը չհամարենք կեղծված, այդ տրամաբանությունը այդքան էլ վատը չի, դա կվերականգնվի։ Պետք է հաշվի առնել, որ դա այն տրամաբանությունն է , որը Վենետիկի հանձնաժողովն է խորհուրդ տվել Հայաստանին»,– նշեց վերջինս։

Իոաննիսյանի խոսքով՝ ինքը ողջունում է այս նախաձեռնությունը , սակայն մի քանի ՀԿ ղեկավարներով ունեն քննադատության և մտահոգության երեք կետ։

«Առաջինը՝ սա շատ ուշ է տեղի ունենում, պետք է շուտ տեղի ունենար։ Հենց որ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձևավորվեց խորհրդարանը, այն ժամանակ պետք է արվեր։ Մեկ ու կես տարի ձգելը, մեր կարծիքով, սխալ էր։  Երկրորդը՝  մենք կարծում ենք, որ վիրահատական միջամտություն պետք է իրականացվի ոչ միայն Սահմանադրական ատյանում, այլ արդարադատության բոլոր օղակներում՝ դատական ամբողջ համակարգում։  Եվ երրորդը՝ մենք չենք ողջունում այն, որ այս լուծումը պատշաճ հանրային քննարկումներ չի անցել։ Ամեն դեպքում ակնկալում ենք, որ այս փաթեթը կընդունվի։ Օր առաջ իշխանությունները ամբողջ դատական համակարգի համար լայնածավալ և խորը վեթթինգ պետք է նախաձեռնեն» ,–ասաց Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ  Արդարադատության նախարարությունը 2020 թվականի մայիսի 13-ին հայտարարել էր, որ Վենետիկի հանձնաժողովին առաջադրել է երեք իրավական հարց, որոնք վերաբերում են՝

1)2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը

2)Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին

3) Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պատճառով

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 22–ին, Ազգային ժողովն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։  Նախագծին կողմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջ կազմով:  ԱԺ արտահերթ նիստին այսօր ներկա էր միայն խորհրդարանական մեծամասնությունը: Ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են նիստը` հայտարարելով, որ Սահմանադրության փոփոխությունների այս տարբերակը համարում են անօրինական ու հակասահմանադրական:

Նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երկրորդ ընթերցմամբ հարցի քննարկումը ևս կկայանա այսօրվա ընթացքում:



Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին