Կարևոր իրադարձություններ

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

22 Հունիս, 2020 16:02
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ  քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով  նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:

Նշված դեպքի առթիվ 2020թ. հունիսի 18-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հատկանիշներով, որի նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի  բնակիչը 1993թ. Քասախ համայնքի Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում կառուցել է շինություն, որի դիմացի հատվածում 17քմ. եղել է ապօրինի, որը վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչուհու:   

Այնուհետև վերջինիս որդին, ով փաստացի տիրապետում է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ համայնքի՝ վերոնշյալ բնակչի կողմից ապօրինի կառուցված՝ Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում առկա 17քմ. տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար,  ինչին համայնքի ղեկավարը բանավոր համաձայնություն է տվել և չի իրականացրել ՀՀ ՏԻՄ օրենքով սահմանված իր լիազորությունները, այն է՝ չի կանխար­գելել և կասեցրել ինքնակամ կառույցի շարունակվող շինարարությունը, որի արդյունքում էլ 2015թ. վերջնական ավարտին է հասցվել ապօրինի շինարարությունը:

2020թ. տեղեկանալով, որ վերը նշված առերևույթ հանցագործության վերաբերյալ քննվում է քրեական գործ՝ համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել իր նախկինում կատարած անօրինականությունը և միայն 2020թ. հունիսի 2-ին կայացրել է համայնքի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին