Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    490

  • EUR

    546,5
    558,5

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

Արագացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները․ ՀԿ-ների կոչը

22 Հունիս, 2020 15:09
Արագացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները․ ՀԿ-ների կոչը

ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության վերականգմանն ուղղված ԱԺ պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ 

 

Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանափակել Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով, իսկ այդ ժամկետից երկար պաշտոնավարած դատավորներին ազատել պաշտոնից: Նախագծով նաև նախատեսվում է դադարեցնել Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում (բայց ոչ ՍԴ դատավորի):

 

Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ զավթված է եղել կոռուպցիոն ռեժիմի կողմից և դատական համակարգը եղել է այդ զավթման և՛ օբյեկտը, և՛ ակտիվ մասնակիցը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը տարիներ շարունակ իր որոշումներով լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները և անհնարին դարձրել երկրում քաղաքական, հետևաբար՝ նաև տնտեսական ու սոցիալական փոփոխությունները: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված էր դատական համակարգի, նաև՝ Սահմանադրական դատարանի որոշ չափով անկախացում, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակում և դատարանի նախագահի՝ դատավորների կողմից ընտրություն: Սակայն, միևնույն ժամանակ, կոռումպացված ռեժիմի կողմից ներդրվել էր տվյալ բարեփոխումը փաստացիորեն ի չիք դարձնող դրույթ՝ հետաձգելով նշված փոփոխությունները 17 տարով: 

 

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ողջունում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունը՝ որպես   Սահմանադրական դատարանի լեգիտիմության ապահովմանն ուղղված նախաձեռնություն: 

 

Միևնույն ժամանակ, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները կարծում են, որ պետության զավթումն ապահոված գործող Սահմանադրությունը չի կարող ապահովել իրավական պետության սկզբունքների ապահովումը, և հորդորում են իշխանություններին սեղմ ժամկետներում ընդունել իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումն ապահովող, պետական մարմինների լեգիտիմությունը երաշխավորող նոր Սահմանադրություն: 

 

Մինչ այդ, կոչ ենք անում արագացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ իրականացնելով դատավորների և իրավապահների լայնածավալ և խորքային վեթինգ, ինչը լեգիտիմ կերպով ձևավորված խորհրդարանի առաքելությունն ու պատասխանատվությունն է՝ թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիների հանդեպ:



«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

 

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին