Կարևոր իրադարձություններ

Չնայած դիսկուրս չծավալելու իմ հորդորին՝ ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները. Վահրամ Պողոսյան

21 Հունիս, 2020 18:35
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Չնայած դիսկուրս չծավալելու իմ հորդորին՝ ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չնայած դիսկուրս չծավալելու իմ հորդորին՝ ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները և Արցախի նախագահի հասցեին անձնական վիրավորանքներ արտահայտող բառապաշարի օգտագործմամբ հասան մինչև հատակը: Հրամա՞ն էին ստացել, թե՞... Եվ դա այն դեպքում, երբ նախագահ Հարությունյանն իր խոսքում անձնապես չի վիրավորել որևէ մեկին: Ասում են՝ ճշմարտությունը մերկ է, և օբյեկտիվ իրականությունը գուցե հաճելի չէր շատերի ականջին, բայց ո՞ւր մնացին մարդկային դաստիարակության տարրական կանոնները:

Պարոնա՛յք, անկախ ձեր վարքից, բարեկրթության աստիճանից, անցած ուղուց, ժողովրդի հանդեպ իրագործած անհատական և կամ թիմային մեղքերից, այդ թվում՝ Արցախի հանդեպ ցուցաբերած «վասալական» վերաբերմունքից, որի մասին առաջիկայում հավանաբար առիթ կստեղծենք անդրադառնալու, միևնույն է՝ դուք էլ ունեք մարդկային արժանապատվություն և ընտանիքի անդամներ. ուստի, ի տարբերություն ձեզ՝ մենք չենք պատրաստվում իջնել հատակը, հույսեր չփայփայե՛ք...

Առանձին-առանձին չեմ անդրադառնա այդ արձագանքներին, քանի որ դրանց հեղինակներն այդ կերպ ընդամենը ցույց են տվել իրենց քաղաքական մտքի ու փորձառության սնանկությունը: Ընդամենն արձանագրում եմ, որ եթե սույն գրառմանս տակ էլ շարունակեք փնթի կերպով նույն մեկնաբանությունը տարբեր կեղծ օգտատերերի անուններով մի քանի անգամ հրապարակել, կրկին արգելափակելու եմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին