Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակած դատավորի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել․ ԲԴԽ-ն Ոստիկանություն կդիմի

19 Հունիս, 2020 19:30
Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակած դատավորի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել․ ԲԴԽ-ն Ոստիկանություն կդիմի

Ռոբերտ Քոչարյանին հունիսի 18-ին 2 մլրդ գրավի դիմաց ազատ արձակած դատավոր Արսեն Նիկողոսկանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են հնչել, ինչի առիթով դատավորը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Սույն թվականի հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:

Ստացված դիմումի քննարկման համար այսօր, ժամը 14.00-ին դատավոր Ա. Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- ասված է ԲԴԽ հաղորդագրությունում։


 

Լրահոս

Դիտել ավելին