Կյանքի 69-րդ տարում մահացել է ռեԺիսոր Սուրեն Ռշտունին։ Այդ մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Սուրեն Ռշտունին ծնվել է 1951 թվականի հուլիսի 29–ին Երեւանում։ Սովորել է Երևանի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր։
1991-2004 թթ. եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամանորի ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը: 1995 թ., ֆրանսիական կառավարության հովանավորությամբ, գործուղվել է Փարիզ, որտեղի Sirnea կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր: Ստանալով ռեժիսորի բարձր որակավորում` վերադարձել է Երևան և շարունակել աշխատանքը Հայաստանի ազգային հեռուստատեսությունում որպես գլխավոր ռեժիսոր:
Մի շարք տեսաֆիլմերի հեղինակն ու ռեժիսորն էր։
2007-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարն է: 2013 թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպման համար ՀՀ նախագահի կողմից ստացել է պատվոգիր-շնորհակալագիր: 2006 թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: