Կարևոր իրադարձություններ

Մի քանի խոշոր գործարարներ պատրաստակամությունն են հայտնել գրավը վճարելու գործում. Անունները կհրապարակենք. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

19 Հունիս, 2020 11:42
Մի քանի խոշոր գործարարներ պատրաստակամությունն են հայտնել գրավը վճարելու գործում. Անունները կհրապարակենք. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Ռոբերտ Քոչարյանի  գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել

Հայտարարությունում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, երեկ, հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։ Ողջունելով դատարանի որոշումը շուրջ 500 օր տեւած ապօրինի կալանքը վերացնելու առումով, միեւնույն ժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ։

Սա աննախադեպ մեծ գումար է, որը Հայաստանում երբեւէ չի կիրառվել որպես գրավ։ Նման չափի գրավի սահմանումը կարող է հարցականի տակ դնել յուրաքանչյուր մեկի ազատ արձակվելու հնարավորությունը եւ ստիպել հրաժարվել գրավի վճարումից՝ համարելով այն դատարանի կողմից կայացված գործնականում անիրականանալի որոշում։ Հատկապես, որ գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր։

Թերեւս այս հանգամանքի ակնհայտությունն էր պատճառը, որ դատական վճռի հրապարակումից անմիջապես հետո բազմաթիվ զանգեր ենք ստացել առանց չափազանցության հարյուրավոր անհատներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել գրավի վճարման հարցում՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով։

Տեղեկացնեմ նաեւ, որ գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամու¬թյունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում։ Նախագահ Քոչարյանի, նրա ընտանիքի եւ պաշտոնաթող Նախագահի գրասենյակի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ով աջակցում է մեզ՝ անկախ պատեհությունից ու քաղաքական վայրիվերումներից։

Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամներին, մեր ժողովրդի պատմության մեջ նշանակալի ավանդ ոնեցող բոլոր այն պետական գործիչներին, որոնք պատրաստ էին անձնապես երաշխավոր լինել Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու համար, մեր բոլոր զինակիցներին եւ աջակիցներին, Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբին, բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել աղաղակող անարդարության դեմ՝ իրենց ելույթով, դատարանի առաջ որեւէ հավաքին մասնակցելով կամ Նախագահի ազատությունը պահանջող փաստաթղթի տակ ստորագրություն դնելով։

Վստահ եմ, որ տեղի ունեցածը արդարության վերականգման առաջին քայլն է միայն։

 

Լրահոս

Դիտել ավելին