Կարևոր իրադարձություններ

Կան պոլիկլինիկաներ, որոնք շատ ավելի լավ են աշխատում և դա կոնկրետ կազմակերպչական հարց է․ Հայկ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ

18 Հունիս, 2020 23:53
Կան պոլիկլինիկաներ, որոնք շատ ավելի լավ են աշխատում և դա կոնկրետ կազմակերպչական հարց է․ Հայկ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Մայիսի 21-ից առողջապահության նախարարի հրամանով այն քաղաքացիները, որոնք կոնտակտավոր են և չունեն կորոնավիրուսի ախտանշաններ կամ հիվանդությունն ընթանում է թեթև, մեկուսացվում են տանը՝ հսկվում պոլիկլինիկայի բժշկի կողմից: Անդրադառնալով կազմակերպվող աշխատանքներին՝ քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք անհրաժեշտ են տնային հսկողության գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար:

«Կան պոլիկլինիկաներ, որոնք շատ ավելի լավ են աշխատում և դա կոնկրետ կազմակերպչական հարց է: Պայմանները նույնն են. մի տնօրենը ավելի լավ է կազմակերպում աշխատանքը կամ ավելի սրտացավ է, քան մյուս պոլիկլինիկայի տնօրենը: Դա նշանակում է, որ այդ պոլիկլինիկայի տնօրենն ունի աշխատելու ձգտում և հասցնելու իր պոլիկլինիկան այն մակարդակի, որի շնորհիվ մենք մեր քաղաքացիներից ստանանք դրական արձագանք, գոհունակություն, ոչ թե դժգոհություն, էլի եմ նշում՝ եղած պայմաններից ելնելով: Բնականաբար, յուրաքանչյուր խնդիր, որը տալիս ենք մենք, դրա պատասխանատուն ես եմ, ինչպես նաև ես այն մարդն եմ, ով պաշտպանում է ձեր շահերը, ով գիտի խնդիրները, և փորձում է դրանց լուծում տալ: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ պահանջելու եմ գերլուրջ մոտեցում»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Աշխատանքային քննարկման ընթացքում բուժհիմնարկների պատասխանատուները, խոսելով առկա խնդիրների մասին, ներկայացրել են նաև իրենց առաջարկները:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը մշտական կապի մեջ է բոլոր բուժհաստատությունների հետ, քննարկվում են ծագող խնդիրները: Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանն առարկայական արձագանքում է քաղաքացիների բոլոր դիմում-բողոքներին՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

«Դա սկզբունք է մեզ համար, որպեսզի խնդիրը չմնա միայն թղթի վրա, եթե այն ունի իրականում լուծում: Եթե ունենք առարկայական լուծումներ, քաղաքային իշխանությունը պատրաստ է 24 ժամ լսել, աջակցել և փորձել լուծումներ տալ»,- նշել է փոխքաղաքապետը:

Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս իր և երևանցիների անունից շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ ովքեր այս օրերին անձնվիրաբար շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականություններն առավել ծանրաբեռնված աշխատակարգով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին