Կարևոր իրադարձություններ

Գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի իրավունք ՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը

18 Հունիս, 2020 15:03
Գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի իրավունք ՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի համաձայն, չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։

Միաժամանակ, առաջարկվում է նաև խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս, խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս: Նախատեսվում է նաև վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը, հստակեցնել գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այս փոփոխության նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար իրավական հիմքեր ստեղծելն է: «Մասնավորապես, առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել և վճարել, անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն՝ նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս նպաստն արդեն սահմանված կլինի հուլիսի 1-ից ծնված երեխաների դեպքում։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: Այսինքն՝ քաղաքում ապրող և չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող և աշխատող ծնողները կստանան 26 հազար 500 դրամ: Գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 հազար 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»։

 

Լրահոս

Դիտել ավելին