Կարևոր իրադարձություններ

Միջազգային մամուլն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին

16 Հունիս, 2020 22:50
Միջազգային մամուլն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին

The New York Times-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, հերքել է որևէ անօրինական գործողության մեջ իր ներգրավվածության մասին լուրերը և ասել է, որ կառավարության այդ քայլը քաղաքական դրդապատճառներ ունի: Ծառուկյանը քննության է ենթարկվել ազգային անվտանգության ծառայության կողմից քվե գնելու, խարդախության և հողերի ապօրինի յուրացման կասկածանքով:

Վերջերս Ծառուկյանը մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը՝ տնտեսությունը խեղաթյուրելու և կորոնավիրուսային համաճարակի դեմ անարդյունավետ պայքարի համար: Երեքշաբթի օրվա դրությամբ Հայաստանում՝ 3 միլիոն բնակչությամբ, գրանցել է 17 489 հաստատված կորոնավիրուսային հիվանդության և 293 մահվան դեպք։

РИА Новости-ն գրում է․ «Ազգային ժողովն այսօր երկու փակ գաղտնի քվեարկություն է անցկացրել, որոնցով բավարարել է Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները: Քվեարկությանը մասնակցել են 87 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել միջնորդություններին»: Նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիբերալ ուղղությամբ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է Ծառուկյանի կողմից 2004 թվականին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացնում են 25 պատգամավոր»։

Associated Press գրում է, որ Հայաստանի անվտանգության ծառայությունները Ծառուկյանին մեղադրում են խաղային ոչ լիցենզավորված գործողություններ կատարելու մեջ, որոնք զրկում էին կառավարությանը եկամուտներից: Նշվում է նաեւ, որ խորհրդարանը թույլատրել է նրա ձերբակալությունը՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: 

Коммерсантъ թերթը գրում է, որ «Հայաստանի խորհրդարանը բավարարեց գլխավոր դատախազի պահանջը` «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից` թույլ տալով հարուցված քրեական գործում վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ: Ծառուկյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբերի գործունեության վերաբերյալ»:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ «հունիսի սկզբին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի լուծում երկրում առկա խնդիրները և չի կատարում իր նախընտրական խոստումները: Նրա կարծիքով՝ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է փոխել կառավարության կազմը»։

USnews-ը գրում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող վարչապետ Փաշինյանի կուսակցության անդամները միաձայն քվեարկել են Ծառուկյանի անձեռնմխելիության վերացման, այնուհետ՝ նրա ձերբակալության համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին