Կարևոր իրադարձություններ

Մահացել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը

16 Հունիս, 2020 13:12
Մահացել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խորը կսկիծով տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 16-ին 52 տարեկան հասակում կյանքից հեռացավ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը։ Վահե Պապոյանն արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ սկսած 1995 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2015 թվականից` Քրեակատարողական ծառայության համակարգում։

2019 թվականի հուլիսի 18-ից զբաղեցնում էր Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: Երկարամյա ծառայության ընթացքում Վահե Պապոյանը սեր և հարգանք է վայելել իր գործընկերների շրջանում, աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և պետականամետ մտածողությամբ։ Բազմիցս պարգևատրվել է մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում` «Մարտական ծառայության», «Մարտական համագործակցության համար», «Անբասիր ծառայության համար», «Օրենքի պատվար», «Համագործակցության համար» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար», «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշաններով։ Քրեակատարողական ծառայության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Վահե Պապոյանի մահվան կապակցությամբ և վշտակցում նրա հարազատներին, մտերիմներին, գործընկերներին:

Վահե Պապոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սույն թվականի հունիսի 17-ին` ժամը 18:00-ին, «Լյուար» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի 18), հուղարկավորությունը` հունիսի 18-ին` ժամը 14։00-ին, նույն սրահից։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին