Կարևոր իրադարձություններ

Ոլորտն ազատվում է մենաշնորհից․ արդար մրցակցություն հեռուստագովազդի շուկայում

14 Հունիս, 2020 21:59
Հեղինակ՝ Արա Շիրինյան
Ոլորտն ազատվում է մենաշնորհից․ արդար մրցակցություն հեռուստագովազդի շուկայում

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վաղվանից Առաջին ալիքը սկսում է գովազդ ցուցադրել։ Հանրային հեռարձակողին գովազդի իրավունք վերադարձնելու որոշումը պայմանավորված չէ հեռուստաընկերության կարիքներով կամ պետական բյուջեն խնայելու ցանկությամբ, թեև երկուսն էլ կարող էին հիմնավոր պատճառ լինել։ Այս քայլը թելադրված է հեռուստագովազդի շուկայում արդար մրցակցության պայմաններ ձևավորելու անհրաժեշտությամբ։ Ոլորտը պետք է ազատել մենաշնորհից, ստեղծել այլընտրանք և զարգացնել տնտեսավարման նոր հարաբերություններ։ Արդյունքում կշահեն հեռուստագովազդի շուկայի բոլոր մասնակիցները։

Իսկ մինչ այդ Առաջին ալիքի տարբերվող լսարանը՝ հեռուստադիտման իր նախասիրություններով, անպայման ազդեցություն կունենա գովազդային ուղերձների որակի, ապրանքների և ծառայությունների հանրայնացման մշակույթի վրա։ Հույս ունենք, որ մեր եթերում կհայտնվեն նոր գովազդատուներ ի դեմս ազգային ապրանքանիշերի (բրենդերի), նոր որակի հոլովակներ՝ հագեցած ոչ միայն առևտրային, այլև սոցիալական բաղադրիչով։

Հասկանալի է՝ հեռուստադիտողի համար գովազդն այնքան էլ հաճելի չէ, բայց համաձայնեք, որ այն նորություն չի եթերում։ Չմոռանանք նաև, որ գովազդը տնտեսության մաս է, արտադրության ավարտական փուլը, և բազմաթիվ ձեռնարկություններ առանց գովազդի չեն կարող վաճառել իրենց ապրանքը կամ ծառայությունը։

Ուզում եմ հավաստիացնել, որ Առաջին ալիքի եթերը չի ձևախեղվի՝ հարմարվելով գովազդին։ Հաղորդումները, եզակի բացառություններով, չեն ընդհատվի գովազդով։ Եվ իհարկե, Հանրայինը զերծ կմնա անցանկալի գործունեությունների գովազդից, կառչուն կամ սևեռուն հոլովակներից։

Հ․Գ․ Չմոռանամ ասել, որ Առաջին ալիքի գովազդային ընդմիջմանը թեյ կամ սուրճ պատրաստելու համար դուք կունենաք ընդամենը 2,5 րոպե ժամանակ»։

 

Լրահոս

Դիտել ավելին