Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    540
    552

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

14 Հունիս, 2020 20:12
ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը ԱԱԾ-ի կողմից խուզարկության և նրան հարցաքննության հրավիրելու առնչությամբ հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Այսօր վաղ առավոտից իշխանությունն անցել է «իրավական տեռորի»։ Մենք սա գնահատում ենք որպես պատասխան՝ ԲՀԿ նախագահի վերջին ելույթին, որում նա, առանց երկիմաստությունների, նշեց երկրի առջև ծառացած սուր խնդիրները, մոտալուտ լրջագույն ռիսկերը և դրանց լուծման միակ հնարավորությունը՝ նոր, արդյունավետ կառավարում, լրջագույն փոփոխություններ երկրի կառավարման համակարգում։

Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն։

Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է։ Իշխանությունը խուսափում է ճիշտ ընկալել իրականությունը, ընդունել իր ձախողումները և հանրային համերաշխության մթնոլորտում գտնել լուծումներ։

Վաղ առավոտից իշխանության սանձազերծած բռնություններն այլևս վերածվել են ամենաթողության: Այս ընթացքում բոլորիս աչքի առաջ բռնի ուժով բերման են ենթարկվել ԲՀԿ մի քանի տասնյակից ավելի ակտիվիստներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնց հանդեպ ևս ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ: Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ բոլոր քաղաքակիրթ և օրինական միջոցներով պայքարել մեր պետության և ժողովրդի շահերի համար, որևէ կերպ չընկրկել անօրինական ճնշումների առաջ։ Հայաստանում այլևս երբեք իշխանությանը չի հաջողվելու շանտաժով ու բռնությամբ լռեցնելու ընդդիմությանը: Մենք վճռական ենք օրենքի տառին և ոգուն հավատարիմ շարունակելու մեր արդարացի պայքարը՝ հոգուտ Հայաստանի և հայ ժողովրդի փրկության»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին