Կարևոր իրադարձություններ

Առողջ բանականությունը հուշում է, որ այս որոշումն այլընտրանք չունի. Արման Բաբաջանյան

12 Հունիս, 2020 13:54
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Առողջ բանականությունը հուշում է, որ այս որոշումն այլընտրանք չունի. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգմավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում կայացրեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13–ը։ Քիչ անց իրավունքի ուժով կգում արվի Ազգային Ժողովի հատուկ նիստ, որպեսզի խորհրդարանը հավանություն տա արտակարգ դրության երկարաձգման որոշմանը։ Առողջ բանականությունը հուշում է, որ այս որոշումն ուղղակի այլընտրանք չունի, քանի որ, ցավոք, համավարակի տարածումը մեր երկրում շարունակվում է, ամեն օր ավելացող վարակակիրների ու զոհերի թվերը սարսափեցնող են։

Ակնհայտ է, որ մենք դեռ երկար ժամանակ գտնվելու ենք համավարակի դեմ այս չհայտարարված պատերազմի ռեժիմում, որի պայմաններում արտակարգ դրությունն այն նվազագույնն է, որն իշխանությանը թույլ է տալիս պայքարել համաճարակի դեմ։ Այս ակնհայտ իրողությունները սակայն հասու են ոչ բոլորին։ Հայաստանում կան մի շարք քաղաքական ուժեր, քաղաքական դեմքեր ու իրավապաշտպաններ, ովքեր վիճարկում են արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը՝ հայտարարելով, թե իշխանությունն այդ քայլին է դիմում ինչ–ինչ քաղաքական դրդապատճառներով, իբրև թե ոտնահարելով քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքը։

Այս պնդումներն ինքնին անհեթեթ են և լավագույնս ի ցույց են դնում, որ նման հայտարարություններով հանդես եկողների համար է համավարակը վերածվել էժան, մանր քաղաքական շարժառիթի, որը նրանք օգտագործում են հակաիշխանական իրենց պայքարի ու ծրագրերի համար։ Հայաստանն այսօր առանց չափազանցության գտնվում է աղետի շեմին։ Մեր բժիշկները, բուժանձնակազմերի անդամները, ոստիկանները, պետական ամենատարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներն աշխատում են ուժերի գերլարումով, գերծանրաբեռնվածությամբ։ Անգամ այդ ռեժիմով աշխատանքը, ցավոք, չի բավարարում և համավարակի դեմ պայքարելու նպատակով մեզ են միանալու բարեկամ երկրներից ուղարկված մասնագետների թիմերը։

Այս պայմաններում մենք քննարկելու մի թեմա պետք է ունենայինք՝ ինչպես, ինչ մեթոդներով ու ինչ գործիքներով ավելի արդյունավետ դարձնել համավարակի դեմ պայքարը, ինչպես թեթևացնել այդ պայքարում ներգրավված մեր անձնվեր մասնագետների գերմարդկային բեռը։ Այսինքն՝ մեր քննարկումները պետք է լինեին առավելապես մասնագիտական–փորձագիտական տիրույթում՝ հետապնդելով մեկ նպատակ՝ ավելի արդյունավետ պաքարել համավարակի դեմ։ Փոխարենը մեր երկրում ինչ–ինչ շրջանակներ, ամենաստոր նպատակներ հետապնդող քաղաքական ու մերձքաղաքական խմբակներ՝ համավարակի արհավիրքն օգտագործում են իրենց ճղճիմ ծրագրերի իրականացման նպատակով՝ վիճարկելով անխուսափելի ու անայլընտրանք արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը։

Սա կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական։

Ամոթ է․․․․»

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին