Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանի եղբորորդու եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել

11 Հունիս, 2020 17:50
Սամվել Ալեքսանյանի եղբորորդու եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջեւ հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է 2020թ. հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով. «Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասաց Եգանյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ի երեկոյան մամուլում հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի նկատմամբ, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանի պահանջին եւ չի լքել այն սրճարանը, որը պարետի որոշմամբ պետք է փակվեր: Միջադեպի վերաբերյալ ՀԺ-ն պարզաբանում էր խնդրել ոստիկանությունից, որտեղից ասել էին, որ հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է. «Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ եւ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին»։

Արտակ Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարն է:

 

Լրահոս

Դիտել ավելին