Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բջջային հավելվածով նկարված ճանապարհային իրավախախտումների թվում ավելացնել նաև ավտոմեքենայում դիմակ չկրելու խախտումը

11 Հունիս, 2020 14:25
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բջջային հավելվածով նկարված ճանապարհային իրավախախտումների թվում ավելացնել նաև ավտոմեքենայում դիմակ չկրելու խախտումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բջջային հավելվածով նկարված ճանապարհային իրավախախտումների թվում, որոնց հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, ավելացնել նաև ավտոմեքենայում դիմակ չկրելու խախտումը: 

«Այդտեղ ի՞նչ խնդիր կա. մարդը տեսավ, նկարեց, արձանագրվեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար: Մենք հիմա այն վիճակում ենք, որ դա պետք է ավելացնել այդ ցանկում: Մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ հակահամաճարակային շարժում ենք սկսում, բայց նրանց չենք ուզում համապատասխան գործիք տա՞լ: Որտե՞ղ է խնդիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այդտեղ մարդու անձնական կյանքի իրավունքի հետ կապված խնդիր կա:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ եթե անձին տեսանկարահանում են կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում, և իր մասին տեղեկություններ են հավաքում, դա միանշանակ անձնական տվյալների մշակում է, ինչը խնդրահարույց է:

«Ավելի լավ, թող դիմակով լինեն, այդ դեպքում՝ չեն ճանաչի, թե ով է, ինչքան էլ նկարեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում ու չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չկա, մանավանդ ոստիկանությունը ռեյդեր է անում, որ մուգ ապակիներով մեքենաներ չլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացքի ժամանակ նկարելու դեպքում մարդու դեմքը չի երևա, փոխարենը կերևա՝ դիմակով է, թե ոչ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին