Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանը կազատվի Արթուր Դավթյանի բերած կադրերից․ «Ժողովուրդ»

11 Հունիս, 2020 09:44
Օնիկ Գասպարյանը կազատվի Արթուր Դավթյանի բերած կադրերից․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցող իրադարձություններից: Բանն այն է, որ իրավիճակը չի սահմանափակվելու միայն շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի՝ աշխատանքից ազատմամբ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում նոր պետ Օնիկ Գասպարյանը կադրային փոփոխություններ է իրականացնելու համակարգում: 

Բանն այն է, որ Արտակ Դավթյանը համակարգ է բերել և պաշտոնների նշանակել իր մտերիմ մարդկանց, և չի բացառվում, որ նրա գնալուց հետո այդ մարդիկ ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Եվ, մասնավորապես, խոսքը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի մասին է, որը Դավթյանի մտերիմն է, և ավելին, համակարգում տարածված լուրերի համաձայն, ամենևին էլ աչքի չի ընկնում պրոֆեսիոնալիզմով, և նրան չեն համարում այն մարդը, որը պետք է այդպիսի լուրջ պաշտոն զբաղեցնի: Սակայն սա միակ հանգամանքը չէ, որի համար Արայիկ Հարությունյանին կարող են հեռացնել համակարգից:

Ինչպես հայտնի է, Արտակ Դավթյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել էր մայիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր հետո, այն դեպքում, երբ երկրում արտակարգ իրավիճակ է, իսկ իշխանության վերին օղակներն էլ այդպիսի միջոցառումներ չանելու կոչեր էին հնչեցնում: Եվ, ահա, պարզվում է, որ այդ հարսանեկան արարողության հյուրերի թվում եղել է հենց երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը: Ավելին, հարսանիքի ժամանակ վայրի խոզի միս է եղել, որն էլ մատակարարվել է հենց Հարությունյանի կողմից:

Ինչևէ, Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ Օնիկ Գասպարյանը զինված ուժերի կարևորագույն նշանակություն ունեցող օղակներում ևս կարող է իր մարդկանց նշանակել՝ սակայն ոչ թե շեշտը դնելով մտերմության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա: Ամեն դեպքում, փոփոխությունները Գլխավոր շտաբում սկսված են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին