Կարևոր իրադարձություններ

Անձնական կյանքի մասին գաղտնի տվյալներ հավաքելն արդեն հանցագործություն է․ փաստաբան

10 Հունիս, 2020 19:03
Անձնական կյանքի մասին գաղտնի տվյալներ հավաքելն արդեն հանցագործություն է․ փաստաբան

Վերջերին օրերին մամուլում հրապարակվում էին տեսանյութեր, որտեղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ճաշում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, մյուս տեսանյութում՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Նրանց են մոտենում քաղաքացիներ և տեսանկարահանում, այնուհետև տարածելով այդ տեսանյութերը՝ բողոքներ հղելով, թե պաշտոնյաները դիմակ չեն կրում։  

Թեմայի վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է «AM իրավաբանական» ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանի հետ։

-Պարո՛ն Հունանյան, արդյո՞ք ներպետական օրենսդրությամբ թույլատրելի է  նման ագրեսիվ գործողությունները և միջամտությունը մարդկանց մասնավոր կյանքին։ Արդյո՞ք նախատեսվում է պատասխանատվություն, ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը։

-Մեր իրականության մեջ շատ են դեպքերը, երբ լրագրողներն սպասում են պաշտոնատար անձանց, օրինակ, Ազգային ժողովի կամ Կառավարության շենքի առջև, և մոտենում են նրանց համապատասխան հարցերով՝ տեսագրելով կամ ձայնագրելով նրանց հետ ունեցած երկխոսությունը: Եվ որևիցե մեկի մոտ չի ծագում այդպիսի ռեպորտաժի իրավաչափության հարց, քանի որ ամեն ինչ օրենքի տրամաբանության մեջ է: Մինչդեռ Ձեր կողմից բերված օրինակում, չեմ կարծում, խոսքը լրատվության մասին է:  Առավել հավանական է, որ գործ ունենք քաղաքացիական ակտիվստների հետ, որոնք իրենց քաղաքական ուղերձը տեղ հասնցելու նպատակով հետապնդում են այլ քաղաքացիների, տվյալ դեպքում՝ պաշտոնատար անձանց՝ վերջիններիս անհանգստացնելով ճաշի ժամին: Սա անթույլատրելի է, քանի որ խախտվում է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, նույնիսկ եթե տվյալ անձինք իրենց համարում են լրագրողներ՝ նրանք պարտավոր են գործել «Զանգվածային լրատվության մասին» օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կարգով և այդ իրավունքի նորմերի պահանջները պահպանելով։ Հակառակ դեպքում, նրանց գործությունեությունը չի կարող գնահատվել որպես լրատվական աշխատանք, նույնիսկ եթե նրանք իրենց համարում են լրագրող: Ներկայացված օրինակի մեջ խոսքն ինչ-որ մարդկանց կողմից պաշտոնատար անձանց հետապնդելու մասին է և հարց է ծագում՝ արդյո՞ք այդ անձինք համարվում են լրատվական գործունեություն իրականացնող, թե՞ ոչ։

-Ի՞նչ եք կարծում՝    «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքում կա՞ն  բացեր, և ըստ էության կարիք կա՞ նոր թարմեցված իրավական կարգավորման։

- Ինչպես նշեցի, Ձեր կողմից նշված տեսանյութերում իմ գնահատմամբ լրատվություն, որպես այդպիսին՝ չկա: Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորումներին՝  համաձայն եմ, որ անհրաժեշտ է թարմացնել ներկայիս օրենսդրական կարգավորումները՝ լրատվական գործունեության մասին՝ հստակ կարգավորելով՝ ինչն է լրատվություն, ինչը՝ ոչ: Բավական է նշել՝ Զանգվածային լրատվության մասին օրենքն ընդունվել է դեռևս 2003թ.-ին և մինչ օրս ենթարկվել է փոփոխության ընդամենը մեկ անգամ: Բնականաբար, գործող կարգավորումներն համահունչ չեն այսօրվա իրականությանը:

Եթե հարցնեք՝ ի՞նչ պատասխանատվություն է վրա հասնում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման համար, նշեմ՝ նախևառաջ այս իրավունքի խախտումն արգելվում է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, երբ խոսքը անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող տեղեկության մասին է, իսկ սովորական տեղեկության դեպքում այս իրավունքը պաշտպանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.17 հոդվածով։

Քանի որ մարդու կողմից, այլ անձի վերաբերյալ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին ոչ թե սովարական, այլ գաղտնիք համարվող տեղեկություններ հավաքելն արդեն հանցագործություն է, նախատեսված է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, իսկ առավելագույն պատիժը կալանքն է՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Դա ուղիղ դրսևորումն է սահմանադրական իրավունքի օրենսդրական պաշտպանության, այլ կերպ ասած՝ ընտանեկան կամ անձնական կյանքի գաղտնիքի դեպքում, անկախ նրանից այն հավաքող սուբյեկտն ով է, միևնույն է դա արգելվում է, և կապ չունի գաղտնիք համարվող տեղեկությունն հավաքողը լրատվական միջոց է, թե այլ  քաղաքացի, օրինակ՝ ինչ-որ քաղաքական ակտիվիստ: Միակ բացառությունը նախատեսված է լրատվական միջոցների համար այն դեպքում, երբ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար՝ Զանգավածային լրատվության մասին օրենքի 7-րդ հոդվածի ուժով։ Որևիցե մեկին հետևելը, նրան լուսանկարելը կամ տեսանկարելը, ըստ էության՝ նրա մասին անձնական տվյալներ հավաքել է։

Օրինակ, Հայաստանի Հանրապետությունում չկան մասնավոր հետախույզներ, որոնց կարող ենք տեսնել ամերիկյան տարբեր ֆիլմերում։ Հայաստանում այդպիսի գործունեությունը տարածված չէ և դա պատահական չէ, քանի որ ցանկացած նման գործունեություն, ըստ էության, իրենից ներկայացնում է անձնական կյանքի անձեռմխելիության իրավունքի խախտում, որը մինչ օրս օրինականացված չէ»։

-Պարո՛ն Հունանյան, երբ սրճարանի հաճախորդների անդորրը խախտվում է սրճարանի աշխատակիցները կարո՞ղ են հորդորել, որպեսզի այդ գործունեությունն ընդհատվի։

-Այո, և եթե չենթարկվեն սրճարանի աշխատակիցների հորդորներին և տեղի ունենա հասարական կարգի խախտում, բնականաբար, կարող են դիմել նաև Ոստիկանություն։  

 

Լրահոս

Դիտել ավելին