Կարևոր իրադարձություններ

Երկու եղբայրները կրակել էին ոստիկանի վրա․ գործն արդեն դատարանում է

09 Հունիս, 2020 13:01
Երկու եղբայրները կրակել էին ոստիկանի վրա․ գործն արդեն դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր  հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկան Տ. Առաքելյանի սպանության, ոստիկան Ա. Հակոբյանից նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը հափշտակելու եւ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաեւ խմբի կազմով զգալի չափերով գաղտնի հափշտակություններ եւ գույքի զգալի չափերով վնասում կատարելու դեպքերի հանգամանքները:, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում գտնվող գեղեցկության սրահներից մեկից հերթական գողությունը կատարելուց հետո Երեւան քաղաքի Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում ոստիկանության ծառայողներ Տ. Առաքելյանը եւ Ա. Հակոբյանը նկատել են երկու եղբայրների:

Չենթարկվելով նրանց օրինական պահանջներին՝ եղբայրները բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, որի ժամանակ նրանցից մեկը՝ անչափահաս եղբայրը,  հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը եւ նրանցից վերջնականապես ազատվելու եւ փախչելու նպատակով մեկ անգամ կրակել է  ոստիկան Տ. Առաքելյանի ուղղությամբ՝ վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկելով կյանքից, ինչպես նաեւ՝ մեկ անգամ էլ կրակել է ոստիկան Ա.Հակոբյանի ուղղությամբ, որից հետո եղբոր հետ դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ անչափահաս եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ կետով, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 3-րդ մասի 3-րդ կետով, 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով, 38-177-րդ հոդվածի (գողությանն օժանդակելը) 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետով (6 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (5 դրվագ), 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, մյուս եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (2 դրվագ) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջիններիս նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին