Կարևոր իրադարձություններ

Կալանավորվել է՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

09 Հունիս, 2020 12:23
Կալանավորվել է՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց նկատմամբ Արարատ գյուղի բնակչի կողմից սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 7-ին, Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 5-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Արարատ գյուղի տարածքում կիսակառույց եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, իր ընկերների և այլ անձանց ուղղությամբ Արարատ գյուղի բնակիչը ինքնաձիգից 3-4 մենահատ կրակոց է արձակել, սակայն իրենք վնասազերծել են նրան՝ ձեռքից վերցնելով ինքնաձիգը, որը հետագայում ներկայացվել է իրավապահներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի փամփուշտի 2 հատ կրակված պարկուճ և ինքնաձիգի մեկ հատ փամփշտատուփ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Արարատ գյուղի 40-ամյա բնակիչը, հայտնաբերվել է և ձերբակալվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին