Կարևոր իրադարձություններ

Հայաստանում իրավիճակը գնահատվում է ծանր․ Ամերիկայի Ձայն

06 Հունիս, 2020 21:46
Հայաստանում իրավիճակը գնահատվում է ծանր․ Ամերիկայի Ձայն

Ամերիկայի Ձայն

Շաբաթ օրվա տվյալներով կորոնավիրուսով աշխարհում մինչ այժմ վարակված մարդկանց թիվն ավելի քան 6 միլիոնի 800 հազար է: Մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 400 հազարին: Մինչ այժմ ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 376 հազար մարդ:

ԱՄՆ-ը, որն աշխարհում վարակակիրների ու մահացությունների թվով առաջինն է, մեկ օրում գրանցել է հիվանդության նոր 3700 դեպք: Մինչ այժմ 1 միլիոն 969 հազար վարակակրից մահացել են 111.478-ը:

Արդեն մի քանի օր է վարակակիրների թվով երկրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ մահացել է ավելի քան 35 հազար մարդ:

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի եւս 8855 դեպք, բոլոր վարակվածների թիվը հասցնելով 458 հազարի: Միայն Մոսկվայում մեկ օրում գրանցվել է 1855 նոր դեպք:

Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կովիդ 19 հիվանդությանը զոհ գնացածների թիվն ավելացել է 357-ով, ինչի արդյունքում մահացածների ընդհանուր թիվն այստեղ հասել է 40,261-ի:

Իտալիայում ամեն օրվա կտրվածքով զոհերի թիվը անկում է գրանցում: Մեկ օրում 85 զոհ:

Իտալիայից մոտավորապես 21 անգամ ավելի քիչ ազգաբնակչություն ունեցող Հայաստանում մեկ օրվա ընթացքում գրանցված նոր դեպքերի թիվը ավելի մեծ է: Իտալիայում գրանցվել է նոր 518, Հայաստանում`547 դեպք: Ազգաբնակչության թվի հետ հարաբերակցությամբ վարակվածների թվով Հայաստանն այսօր աշխարհում 22-րդ տխուր տեղում է: Այսինքն` մեկ միլիոնի հաշվարկով Հայաստանում ավելի մեծ թվով վարակակիրներ կան, քան Իտալիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Իրանում:

Ֆրանսիայում անցած մեկ օրվա ընթացքում վարակին զոհ է գնացել 46 մարդ: Իրանում մահացությունների թիվը մեկ օրվա ընթացքում կազմել է 75: Սակայն ե՛ւ Ֆրանսիան ե՛ւ Իրանը ըստ բնակչության թվի, գրանցել են ավելի քիչ թվով զոհեր, քան Հայաստանը մեկ օրում` 7: Չէ որ Ֆրանսիայի բնակչությունը Հայաստանի բնակչության թվին գերազանցում է 22, Իրանը` 27 անգամ:

Այսօր ամենամեծ խնդիրը ազգաբնակչության թվի համեմատ հիվանդության նոր դեպքերն են ու մահացությունները, ըստ որոնց Հայաստանում իրավիճակը գնահատվում է ծանր: Դրանից դուրս գալու միջոցը պաշտպանվելու կանոնները հարգելու եղանակն է:

Հարկավոր է հրաժարվել չվարակվելու եւ վարակվելու դեպքում` այն հաղթահարելու անիմաստ վստահությունից:

Ինչպես դարերից եկող խոսքն է ասում, այն կարող է դիպչել յուրաքանչյուրին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին