Կարևոր իրադարձություններ

Ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են և այո, ցավոք, մենք ունենում ենք նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ. Դավիդյանց

06 Հունիս, 2020 21:20
 Ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են և այո, ցավոք, մենք ունենում ենք նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ. Դավիդյանց

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր հերթին նշել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց աշխատակազմը չգիտի ինչ բան է հանգիստը։ «Մենք բոլորս կտրվել ենք մեր ընտանիքներից, բացառապես մեր ամբողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում: Լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է կորոնավիրուս, սակայն այն ընթանում է թեթև, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա մի կարևոր փաստ. եթե մենք ինքներս վերաբերվենք բավականին լուրջ այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները՝ մենք լուրջ վտանգի տակ ենք դնում մեզ շրջապատող մարդկանց: Եկեք չմոռանանք, որ նրանց մեջ են մեր ծնողները, մեր տատիկ- պապիկները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ վերջին շրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը, և եթե մարտին իրենք ունենում էին հիմնականում թեթև և միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը: «Ես կարևոր եմ համարում առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության և մենք ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են և այո, ցավոք, մենք ունենում ենք նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ»,- ասել է Դավիդյանցը՝ դիմելով բոլոր քաղաքացիներին, որպեսզի նրանք օգնեն բուժաշխատողներին և պահպանեն հակահամաճարակային միջոցառումները:

«Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ բոլորիդ, օգնեք մեզ բոլորիս՝ բուժաշխատողներիս: Այս ամիսների ընթացքում բոլորս առանց տրտնջալու, առանց դժգոհելու աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել: Ես ողջ կոլեկտիվին ասել եմ, հայտարարել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը։ Խնդրում եմ բոլորին պահպանել հակահամաճարակային բոլոր միջոցառումները, կրել դիմակներ, խիստ սահմանափակել շփումը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաճախակի ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասել է Դավիդյանցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին