Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած կացարան):
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլից, կանխարգելիչ համալիր միջացառումների շրջանակում, հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ: Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն